Նաիրի Հունանյան բուծողներին պետք է մերժել. պետականությունը հարվածի տակ դնելու իրավունք չունենք

Այսօր EVN Report-ը հրապարակել է ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները,  համաձայն որոնց՝  առաջին փուլի համեմատ հարցման արդյունքները վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձայների բաշխման հարցում մնում են մասնատված։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք բժիշկ, հասարակական, մշակութային գործիչ Վահան Վարդապետյանի հետ։


Նա նշեց, որ թվային տվյալների չի տիրապետում, բայց իր պատկերացմամբ, իր զգացողությամբ նույնպես կվկայի, որ, այսպես կոչված, ընդդիմադիր տիրույթում հաստատ կա ավելի անկում, որովհետև մեր հասարակությունը ճիշտ է գնահատում և կարողանում է  նկատել, շատերն էլ բնազդաբար գիտակցում են, որ ինչքան մոտենում է ընտրության օրը, այնքան ավելի ընդգծվում է առաջնային գաղափարը, նպատակը՝ պետականության, անկախության և խաղաղության պահպանության գերնպատակը։


«Ես նաև մի ուրախալի փաստ եմ ուզում ընդգծել. հասարակությունը տեսնում է, որ անվանումներով չէ, խորանում է բովանդակային էության մեջ, ինչքան ուզում է հորջորջեն ուժեղ, հզոր և տարբեր տիպի հայաստաններ, բոլոր դեպքերում հասարակությունը զգում է՝ որ տեղում է ուժը, որտեղ է բովանդակությունը, որտեղ է արհեստականությունը, որտեղ է ձևը։ Եվ եթե հոգեվերլուծության ենթարկես, ապա ավելի ուժեղ, ավելի հզոր ներկայացնելու, անընդհատ Հայաստան ընդգծելու այդ ձգտումը խոսում է հակառակի մասին»,- ասաց Վահան Վարդապետյանը։


Խոսելով նաև վարչապետի և նրան հարվածել փորձող երիտասարդի միջև տեղի ունեցած միջադեպի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այդ դեպքից հետո նկատում է տարօրինակ ագրեսիվ գթասրտություն։


«Ի վերջո՝ մենք պետություն ենք, ի վերջո՝ մենք պետականություն ենք, ի վերջո՝ մենք «Հոկտեմբերի 27» տեսած ժողովուրդ ենք և դեռևս «Հոկտեմբերի 27»-ի փլատակների տակից դուրս չեկած պետություն ենք։ Եվ եթե  մենք չենք գիտակցել, որ մեր բոլոր կորուստների, պարտությունների հիմքում հենց «Հոկտեմբերի 27»-ն է, ու եթե նաև չենք հասկանում, որ «Հոկտեմբերի 27»-ի թե՛ պատվիրատուները, թե՛ կատարողները առայսօր դերակատարներ են, ապա դա շատ վատ է։ Մենք իրավունք չունենք մեր պետականությունը հարվածի տակ դնելու, այստեղ քննարկման ուրիշ նյութ չկա. տարիքը, հիվանդությունը, մյուսը։ Այո, եվրոպական երկրներում կարող էր շատ ավելի դժբախտ ավարտ ունենալ»,- ասաց Վահան Վարդապետյանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան