Գաբալայում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ հաշվի առնելով հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ կողմերը միակարծիք են եղել, որ մի կողմից ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումները լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար։ Միևնույն ժամանակ տարածաշրջանը ներկայումս դիտարկվում է որպես հարաբերական կայունության և խաղաղության որոշակի «կղզյակ»՝ համեմատած շրջակայքում ընթացող բուռն գործընթացների հետ։
Մինասյանը նշել է, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգությունները այս ուղղությամբ ավելի են սրվել։ Նրա խոսքով՝ արձանագրվել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերից է բխում, որպեսզի հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում, և իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի։
Փորձագետի գնահատմամբ՝ քննարկվել է նաև, թե տարածաշրջանային զարգացումները ինչպես կարող են ազդել TRIPP նախագծի իրականացման վրա՝ հաշվի առնելով, որ Իրանի ուղղությամբ գործընթացները դեռ շարունակվում են։
Նա ընդգծել է, որ Իսլամաբադում կայացած բանակցությունները փաստացի ձախողվել են, և առկա է զգալի անորոշություն՝ կապված հետագա զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների հետ։
Մինասյանի խոսքով՝ ուշագրավ է նաև ադրբեջանական կողմի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը անվտանգային առումով գտնվում են նույն իրավիճակում, և տարածաշրջանային մարտահրավերները ընդհանուր բնույթ ունեն։
Վերջինիս կարծիքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակն ու կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը որոշակի «անվտանգային իմունիտետ» են ձևավորել։