«Խաղաղության կամուրջը» անցյալը ուրանալու մասին չէ, այն նոր հնարավորություններ ձևավորելու մասին է. Քոչինյան

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հանդիպումները կազմակերպվել են 5+5 ձևաչափով։ Սկզբում ադրբեջանական կողմի ներկայացուցիչներն էին այցելել Երևան, ապա հայկական կողմը՝ 5 հոգանոց կազմով մեկնել Բաքու։ Հետագա փուլում ներգրավվածությունն էականորեն ընդլայնվել է, և հանդիպումները շարունակվել են արդեն 20+20 ձևաչափով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։


Նրա խոսքով՝ վերջին այցելությունն արդեն իրականացվել է սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր սահմանային ընթացակարգերը՝ անձնագրային և մաքսային վերահսկողություն։ Նույն ձևաչափով է կազմակերպվել նաև հայկական պատվիրակության այցը Ադրբեջան։


Քոչինյանը կարևորել է այն փաստը, որ սա նման ձևաչափով արդեն չորրորդ հանդիպումն է, և կա հստակ պայմանավորվածություն՝ շարունակելու հանդիպումները։ Նրա գնահատմամբ՝ չնայած մեծ ակնկալիքներ ունենալը իրատեսական չէ՝ հաշվի առնելով տասնամյակներ շարունակվող հակամարտությունը, նման շփումների շարունակականությունն ինքնին նշանակալի ձեռքբերում է։


«Մենք կարող ենք թվարկել բազմաթիվ պատճառներ, թե ինչու նման այցերը չպետք է տեղի ունենան։ Սակայն կա մեկ կարևոր պատճառ, թե ինչու դրանք պետք է իրականացվեն՝ դրանք նպաստում են խաղաղության օրակարգի առաջմղմանը և երկու հասարակությունների միջև փոխըմբռնման ձևավորմանը»,– նշել է նա։


Քոչինյանի խոսքով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները հանդիպումների ընթացքում փոխանցում են, որ երկու երկրների միջև արդեն առկա է խաղաղություն, որը գտնվում է խորացման և ընդլայնման փուլում։


Անդրադառնալով քննադատություններին՝ նա ընդգծել է, որ նախաձեռնությունը չի նպատակադրում մոռանալ կամ վերանայել անցյալը։ «Խաղաղության կամուրջը» միտված է առկա պատմության ու նարատիվների կողքին ձևավորելու նոր հնարավորություններ և նոր մոտեցումներ։


Նա նաև նշել է, որ խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները երաշխավորված չեն հաջողությամբ, սակայն դրանց բացակայության դեպքում խաղաղությունը պարզապես անհնար կլինի։