Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կայա Կալասի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։


Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր:


Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը:


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ:


ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։