Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և դիրքավորվել Հորմուզի նեղուցից դեպի արևելք։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դատելով արբանյակային լուսանկարներից՝ USS Abraham Lincoln-ը տեղակայվել է Օմանի ծոցի արևելյան եզրին՝ Իրանի ափից մոտ 200 կմ դեպի հարավ։ Մեկ այլ լուսանկարում նկատվել են նաև երկու հրթիռային էսմինեցներ։ Նշվում է, որ այս պահին ամերիկյան ռազմածովային ուժերը Արաբական ծովում ունեն 11 մարտական նավերից բաղկացած խմբավորում։
Ապրիլի 13-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադում կայացած բանակցությունների ձախողումից հետո։ Խոսքը Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների մասին է, որոնք իրար են միանում Հորմուզի նեղուցով։
Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը, սահմանափակումները տարածվում են իրանական ամբողջ ափամերձ գոտու վրա։ Ընդ որում, նավերը կկարողանան տարանցիկ անցնել նեղուցով դեպի ոչ իրանական վայրեր կամ հակառակ ուղղությամբ, սակայն դրանք կարող են ենթարկվել զննության։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան համաժողով կանցկացնեն Հորմուզի նեղուցի հարցով։