Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ ՀՀ Զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մասին տվյալները հասանելի չեն համակարգում։ Գործը դատարան է ստացվել ապրիլի 14-ին, մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։
Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝Հոդված 549 մաս 3՝ Հրամանատարի (պետի) կամ պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն առաջացրել է հանցանքի կամ այլ իրավախախտման պարտակում կամ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։