Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին

Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին՝ դառնալով Բիոկենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի (Biodiversity and Ecosystem Services Network) շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:


 

Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ամրապնդել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների ներառումն ազգային քաղաքականությունների և գործնական միջոցառումների մեջ՝ այն պայմաններում, երբ բնության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները արագ են փոփոխվում։


 

Նախաձեռնությունը կնպաստի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների ավելի արդյունավետ ինտեգրմանն ազգային քաղաքականությունների և զարգացման պլանավորման գործընթացներում՝ ներառյալ IPBES գնահատումների և տեղական գիտելիքների համակարգված կիրառումը։

 


Միաժամանակ այն կխթանի համագործակցության ամրապնդումը քաղաքականություն մշակողների, գիտնականների և տեղական համայնքների միջև՝ նպաստելով էկոհամակարգերի վերականգնման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ գործնական մոտեցումների զարգացմանը։