«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը, շտաբի պետի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և շտաբի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԿԸՀ են ներկայացրել կուսակցության ընտրական ցուցակները։
Գործընթացի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց արդեն էլեկտրոնային համակարգով բոլոր փաստաթղթերը ներբեռնել էին համակարգ, այսօր կարգի համաձայն արդեն թղթային տարբերակները ներկայացրեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Մենք սա շատ վաղուց ենք սկսել՝ դեռևս անցած տարվա վերջից՝ ցուցակի ձևավորումը, և արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Առաջին փուլում մոտ 300 թեկնածուներ քվեարկվել են՝ առաջին 50-ը որոշելու համար, այնուհետև երկրորդ փուլով 50-ի մեջ եղել է քարոզարշավ և ընտրապայքար ներկուսակցական ֆորմատով, և ձևավորվել է լավագույն 50-ը։ Այդ տրամաբանությամբ նաև բաշխվել են տեղերը, և ներկայացվել են ցուցակները, որոնք հանրության համար ամբողջությամբ հրապարակված են»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ ինչ ակնկալիքներ ունեն, Հարությունյանը պատասխանեց․
«Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրներ են դնում իրենց առաջ և փորձում են լուծել էդ խնդիրները։ Ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն»։
Վարչապետի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն և «Ուժեղ Հայաստանը» չեն հաղթահարելու անցողիկ շեմը, արդյո՞ք հիմնված է ներկուսակցական քարոզարշավի տպավորությունների վրա, հարցին, Հարությունյանը պատասխանեց․
«Եթե հիմա լիներ 17 թիվը, և դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող էիք նման հարց տալ։ Բայց երբ որ անցել է 8 տարի, և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ։
Ո՞ր օրենքն ենք խախտել էն պրոցեսում, որ հիմա տեղի է ունենում: Ընտրական օրենսգիրքը սահմանում է կանոններ ընտրություններից մեկ ամիս առաջ սկսվող պաշտոնական ընտրարշավին: Ընտրության հաջորդ օրվանից սկսած յուրաքանչյուր կուսակցություն և քաղաքական գործիչ կարող է ընտրարշավի տրամաբանության մեջ իրականացնել գործունեություն: Ես կարծում եմ, որ դուք առնվազն ազնիվ չեք էն պնդման մեջ, որ քաղաքական դաշտում էսօր կա ևս մի քաղաքական ուժ, իհարկե «խալաստոյ» փամփուշտներով կրակող, որը «Քաղաքացիական պայմանագրից» շատ ավելի շատ գործիքներ է կիրառում, նաև ռեսուրսներ՝ նաև մարդկային, նաև ֆինանսական, բայց դուք դրա մասին չեք խոսում»: