ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:
Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։
Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ ներկայացնելով նաև իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել է դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ շեշտվել են առաջարկներում ներառված տերմինների, պատմական տեղեկությունների և բնութագրերի հստակեցման պահանջը, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի ընդգծումը:
Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և առանձին կազմակերպությունների ջանքերը պահպանման և տարածման ուղղությամբ:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը: