Նախարար Գևորգ Պապոյանը ծանոթացել է 250 մլն դոլարի ներդրումային ծրագրին. նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի հիմնում, օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին այցելել է «Շիրակ» թռչնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Ընկերության կողմից նախատեսվող ներդրումները հասնում են 250 մլն դոլարի, որից ավելի քան 60 մլն դոլարն արդեն իսկ կատարվել է։

Ծրագիրն իրականացվելու է 420 հա մակերեսի վրա հանրապետության տարբեր մարզերում։ Նախատեսվում է 2500 աշխատատեղի ստեղծում է ամբողջ նախագծի կյանքի կոչման դեպքում, որից 750-ը՝ Շիրակում։ 300 աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է։
Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ավելացնել արտադրական ծավալները՝ ապահովելով օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։
Արտադրված թռչնամիսը բավարարելու է Հայաստանի բոլոր պաշարները, արտադրանքի մի մասն էլ կարտահանվի։
Ընկերությունում արդեն իսկ օրական արտադրվում է 400 հազար ձու։
Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և տնօրեն Հայկ Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է թռչնաֆաբրիկայում, ծանոթացել պայմաններին, ներդրված սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են թռչնաբուծարանի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Ընկերությունը նաև 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել համակցված կերերի գործարանի կառուցման համար, որն տարածաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն է։