Իրանը մերժում է բանակցությունների հաջորդ փուլը. Թեհրանի պատասխանը Թրամփի «ռազմածովային շրջափակմանը»

Իրանը դեռևս չի տվել իր համաձայնությունը ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ կապված Իրանի ռազմածովային շրջափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրին։


«Իրանի ռազմածովային շրջափակման մասին Թրամփի հայտարարության, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ամերիկացիների չափազանց մեծ պահանջների պատճառով Իրանը մինչ օրս չի համաձայնել բանակցությունների հաջորդ փուլին», — հայտնել է աղբյուրը։


Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից չափազանցված պահանջներից հրաժարվելը բանակցությունները շարունակելու կարևորագույն պայմանն է։ Հակառակ դեպքում՝ «Իրանը ժամանակ չի վատնի հյուծիչ և անօգուտ բանակցությունների վրա»։


«Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով տեղեկացրել է ամերիկյան կողմին», — հավելել է աղբյուրը։