ՊԵԿ նախագահը հանդիպել է փոքր հարկ վճարողներին

Հարկ վճարողի օրվան ընդառաջ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու դրա նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցման ամրապնդումը՝ ընդգծելով հարկ վճարողների հետ ուղիղ շփումների նշանակությունը։


«ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը մեզ համար պարզապես ձևակերպումներ չեն․ դրանք մեր ամենօրյա աշխատանքի հիմքն են։ Մեր բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդն է, և հենց այդ պատճառով մենք հետևողականորեն շարժվում ենք դեպի բիզնեսին ավելի մոտ և գործընկերային կառույց դառնալու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը:


Հանդիպման ընթացքում տնտեսավարողներին ներկայացվել են վերջին տարիների հարկային և մաքսային բարեփոխումները, առաջիկա ծրագրերը՝ օրենսդրական փոփոխություններից և թվայնացումիցմինչև արհեստական բանականության կիրառումն ու օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող նոր հնարավորությունները։


«Այս ամենի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել ավելի հարմար, կանխատեսելի և վստահելի միջավայր բիզնեսի համար»,-ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։


Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առանցքային է բաց ու անկեղծ հաղորդակցությունը հարկ վճարողների հետ:


«Երբ կա փոխվստահություն, պետությունն ու բիզնեսը դառնում են գործընկերներ։ Այդ ճանապարհին արդեն ունենք շոշափելի արդյունքներ՝ ներառյալ ստվերի էական նվազումը, որը ոչ միայն վարչարարության, այլևմտածելակերպի փոփոխության արդյունք է»,- նշել է ՊԵԿ նախագահը:


Հանդիպման ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ներկայացրել են առաջարկներ։