Ողբերգական դեպք Մերձմոսկովյան շրջանում. Ռուս դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը դանակահարել են միմյանց

Մերձմոսկովյան շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններ՝ 28-ամյա դերասան Վլադիսլավը և նրա 23-ամյա կինը՝ Եվգենյան։


Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել նրանց բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում։ Նախ զույգը վիճաբանել է՝ փոխանակելով վիրավորանքներ, այնուհետև կոնֆլիկտը վերածվել է բռնության․ նրանք վերցրել են խոհանոցային դանակներ։


Նախնական տվյալներով՝ տղամարդը կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, իսկ ինքը ստացել է պարանոցի հատվածում դանակի հարված։


Դեպքի վայրի դուռը բացել են փրկարարները, ինչից հետո ժամանած բժիշկները արձանագրել են երկու անձանց մահը։


Գործով զբաղվում է Մերձմոսկովյան Քննչական կոմիտեն, որը հարուցել է երկու քրեական գործ՝ սպանության հոդվածով։ Քննիչները դեպքի վայրից առգրավել են դանակները և իրականացրել անհրաժեշտ քննչական գործողություններ։


Հայտնի է, որ զույգը միասին աշխատում էր թատրոնում․ տղամարդը դերասան էր, իսկ կինը ղեկավարում էր դիմահարդարման արտադրամասը։


Դեպքի հանգամանքները շարունակում են պարզվել։