ԱՄՆ-ը հատուկ սարքավորումներ է տեղափոխել Պակիստան՝ պատվիրակության այցից առաջ. Al-Jazeera

Առնվազն վեց ամերիկյան կառավարական ինքնաթիռներ, որոնք բեռնված են եղել պաշտպանված կապի սարքավորումներով, զրահապատ մեքենաներով և լրացուցիչ տեխնիկական հագեցվածությամբ, վայրէջք են կատարել Պակիստանի Ռավալպինդի քաղաքի «Նուր Խան» ավիաբազայում։ Ինչպես հաղորդում է  Al-Jazeera հեռուստաալիքը, բեռնաթափումից հետո ինքնաթիռները լքել են բազայի տարածքը։


Գործողությունն իրականացվել է բարձրաստիճան ամերիկյան պատվիրակության սպասվող այցի նախաշեմին։ Նշվում է, որ այս օդանավակայանը Իսլամաբադի համար VIP հյուրերի ընդունման հիմնական կետն է։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ինքնաթիռներից երկուսը վայրէջք են կատարել այսօր, իսկ մնացած չորսը՝ վերջին 48 ժամվա ընթացքում։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ և ավիահարվածներ հասցրին մի շարք քաղաքների, ինչի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները։


Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Ապրիլի 11-12-ը Իսլամաբադում Պակիստանի միջնորդությամբ տեղի ունեցան բանակցություններ, որոնք անարդյունք անցան։


Ապրիլի 15-ին Թրամփը հայտարարեց Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու մասին՝ չնայած իրանական նավահանգիստների ծովային շրջափակման պահպանմանը։ Այս քայլն արվեց Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Ավելի ուշ՝ ապրիլի 18-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարեցին ջրային զարկերակի փակման մասին՝ դա պատճառաբանելով հրադադարի համաձայնագրի խախտմամբ և ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շարունակվող շրջափակմամբ։