ԱՄՆ-ը կազմել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» դաշնակիցների ցուցակը. Politico

Միացյալ Նահանգների ղեկավարությունը կազմել է ՆԱՏՕ-ի «լավ» և «վատ» երկրների ցուցակը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի՝ Վաշինգտոն կատարելիք հերթական այցի նախաշեմին։ Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, այս ցանկում անդամ երկրները բաշխված են ըստ մակարդակների՝ կախված Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի գործողություններին նրանց աջակցությունից։


Ըստ գործակալության աղբյուրների՝ այս կերպ Դոնալդ Թրամփի վարչակազմը ուղիներ է փնտրում պատժելու այն դաշնակիցներին, ովքեր հրաժարվել են աջակցել Իրանի դեմ պատերազմին։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը դեռևս «հստակ գաղափարներ չունի», թե կոնկրետ ինչում կարող են արտահայտվել արտոնությունները կամ բացասական հետևանքները։


Ինչպես լրագրողներին հայտնել է մի անանուն եվրոպացի պաշտոնյա, այդ արձագանքի տարբերակներից մեկը կարող է լինել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղաշարժը։ Սակայն դա կարող է լինել թանկարժեք և ժամանակատար գործընթաց։


Politico-ն ենթադրում է, որ նման քաղաքականության հիմնական շահառուները կարող են դառնալ Լեհաստանը և Ռումինիան։ Վարշավան պաշտպանության վրա ծախսում է գրեթե ամենաշատը ՆԱՏՕ-ում, ինչպես նաև հոգում է երկրում տեղակայված 10,000 ամերիկացի զինվորականների պահպանման գրեթե ողջ ծախսը։ Իսկ Ռումինիայում վերջերս ընդլայնել են ավիաբազան, որն այժմ թույլատրվել է ԱՄՆ-ին օգտագործել Իրանում մարտական գործողություններ վարելու համար։