Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ ԵՄ նոր առաքելությունը չպետք է դիտարկել սպասվող ընտրությունների կոնտեքստում: «Ես տեսա, որ մեր քաղաքական դաշտում փորձ էր արվում սա ներկայացնել որպես նախընտրական շրջանի նոր առաքելություն, որը կօգնի կառավարությանը, բայց սա երկարաժամկետ առաքելություն է՝ առայժմ 2 տարի ժամկետով»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Մեր զրուցակիցը հստակեցրեց՝ ի տարբերություն մյուս առաքելության,
որը սահմանային իրավիճակն է մոնիթորինգի ենթարկում, նորը կիբեռանվտանգության ոլորտում
է գործելու․ «Ի տարբերություն մյուս առաքելության, որտեղ ներգրավված էին հիմնականում իրավապահ
համակարգի ներկայացուցիչներ, այս առաքելության մեջ ներգրավված կլինեն ոլորտային փորձագետներ»։
Խոսելով Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի որդու՝
նրան իրենց տուն հրավիրելու մասին, Խանդանյանն ասաց․ «Ֆրանսիայի մյուս նախագահներն ունեցել են պետական այց Հայաստան, իսկ սա Մակրոնի
առաջին նման այցն է։ Շատ կարևոր է այն առումով, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստորագրվելու
է ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերություններն
իրենց էությամբ ռազմավարական են, բայց այս փաստաթուղթը կարևոր է մեր հետագա անելիքներն
ավելի ինստիտուցիոնալ դարձնելու առումով։ Ինչ վերաբերում է հյուրընկալությանը, ապա
պետական այցի շրջանակներում է կազմակերպվում Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան»։
Շարունակելով՝ պատգամավորն ընդգծեց․ «Իսկ հրավերի նպատակների մասով կասկածում եմ։ Ենթադրում եմ, որ գուցե Սամվել Կարապետյանն
ուզում է իր հետ կապված իրավական գործընթացների մասին խոսել։ Որքան ինձ հայտնի է՝ Ֆրանսիայում
Սամվել Կարապետյանի հետ իրավական գործընթացներ են տեղի ունենում, Կարապետյանն էլ դատական
հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ։ Իհարկե, հաշվի առնելով Ֆրանսիա պետության բնույթը,
իշխանության տարանջատման բնույթը՝ ես չեմ հավատում, որ Ֆրանսիայի նախագահը դատական համակարգին հրահանգներ կտա կամ
ընդհանրապես կմտնի այդ խոսակցության մեջ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան