Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի օգոստոսի 14-ին Երևան-Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի՝ դեպի Պռոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ հանդիպել են Մ.Դ.-ի և Ա.Տ.-ի կողմնակիցները, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց։
Այնուհետև, Ա․Տ․-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով Մ․Դ․-ն մահացել է:
Ա․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: