Իրանում պատրաստում են նոր օրենք Հորմուզի նեղուցով անցման կանոնների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին, հայտնում է իրանական ILNA գործակալությունը։
Օրենքը կարգավորելու է նավերի ապահովագրման կարգը, անցման վճարների գանձումը և այլն։ Ըստ Բորուջերդիի՝ դրանով Իրանը հստակ հայտարարում է, որ ոչ մի նավ իրավունք չունի անցնել նեղուցով առանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի թույլտվության։
Ըստ խորհրդարանականի՝ նեղուցով անցնող յուրաքանչյուր նավ պետք է ապահովագրված լինի իրանական ընկերությունների կողմից։ Բացի այդ, անհրաժեշտ կլինի վճարել անցման վճար և բնապահպանական հարկ։ Այս գումարները հաշվարկվելու և գանձվելու են միջազգային ստանդարտների համաձայն՝ Պանամայի ջրանցքի մոդելով։
Վճարման նոր սխեմայի համար կստեղծվի հատուկ ֆինանսական կառույց։ Իրանի Կենտրոնական բանկն արդեն բացել է չորս հատուկ հաշիվներ՝ ռիալով, յուանով, դոլարով և եվրոյով։ Հետագայում, ըստ Բորուջերդիի, կմնա միայն մեկ հասանելի արժույթ՝ իրանական ռիալը, երբ կառավարությունը հաստատի ազգային թվային արժույթը։
Առաջին պատճառը երկրի անվտանգությունն է։ Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան բազմաթիվ բազաները սպառնալիք են ներկայացնում Իրանի համար։ Մեկ այլ պատճառ է ազգային արժույթի ամրապնդումը միջազգային հաշվարկներում։
Հորմուզի նեղուցը կարևորագույն լոգիստիկ զարկերակ է, որը կապում է Պարսից ծոցի երկրները համաշխարհային շուկաների հետ։ Այն աշխարհի ամենածանրաբեռնված երթուղիներից մեկն է. օրական այստեղով անցնում է 200–300 նավ։ Ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության՝ այստեղով է անցնում համաշխարհային նավթի տրաֆիկի մոտ մեկ քառորդը և հեղուկացված բնական գազի մեկ հինգերորդը։