Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունն այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի համար արժենում է 25 միլիարդ դոլար։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ հայտնել է Պենտագոնի ղեկավարի ֆինանսական հարցերով օգնականի պաշտոնակատար Ջուլս Հյորստը։ Նրա խոսքով՝ այդ միջոցների մեծ մասն ուղղվել է զինամթերքի ձեռքբերմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը սկսեցին ռազմական գործողությունն Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի շարք քաղաքների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և գրոհեց Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։
2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը Իրանը, ԱՄՆ-ը և նրանց դաշնակիցները պայմանավորվեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում՝ Պակիստանի միջնորդությամբ, տեղի ունեցան բանակցություններ Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Երկարատև քննարկումներից հետո կողմերն ավարտեցին հանդիպումը՝ առանց համաձայնության հասնելու։
Որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու միջոց՝ ԱՄՆ-ը հայտարարեց իրանական նավահանգիստների շրջափակման և Հորմուզի նեղուցով անցման արգելքի մասին։ Իր հերթին, Իրանը հայտարարեց, որ Հորմուզն արդեն փակ է Պարսից ծոցի երկրներ ուղևորվող նավերի համար։ Տարածաշրջանում տիրող իրավիճակը, իր հերթին, հանգեցրել է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի։