Կոնգրեսի դեմոկրատները կարող են դատի տալ Թրամփին Իրանում իրականացվող գործողության պատճառով. Time

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները ուսումնասիրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե նա մայիսի 1-ից հետո շարունակի ռազմական գործողությունն Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի հավանությունն ստանալու: Այս մասին հայտնել է Time ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին:


Համաձայն 1973 թվականի «Ռազմական լիազորությունների մասին» բանաձևի՝ ԱՄՆ նախագահը պարտավոր է երկու օրվա ընթացքում ծանուցել Կոնգրեսին զորքերն արտասահմանյան ռազմական գործողությունների գոտի մտցնելու մասին: Նա կարող է օգտագործել դրանք առանց օրենսդիրների համաձայնության ոչ ավելի, քան 60 օր, որը կարող է երկարաձգվել առավելագույնը 30 օրով միայն այն դեպքում, եթե այդ ժամկետն անհրաժեշտ է հակամարտության գոտուց ամերիկյան զինվորականների անվտանգ դուրսբերման համար:


Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը մարտի 2-ին պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Սա նշանակում է, որ Սպիտակ տան ղեկավարը հնարավորություն ունի մինչև մայիսի 1-ը շարունակել գործողությունը առանց օրենսդիրների հավանության:


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի դեմոկրատ անդամները կարծում են, որ մոտեցող 60-օրյա վերջնաժամկետը կարող է նրանց լավագույն հնարավորությունը տալ վիճարկելու պատերազմը, որը, նրանց կարծիքով, սկսվել է անօրինական կերպով: Time-ը գրում է, որ հայց ներկայացնելու քննարկումը դեռևս վաղ փուլում է, սակայն այդ գործընթացը կարող է ակտիվանալ մայիսի 1-ից հետո ռազմական գործողությունների շարունակման դեպքում: