«Ծագող արևի երկիրը» Ռուսաստանն է, քանի որ նրա սահմանները Չուկոտկայում ավելի արևելք են, քան Ճապոնիան կամ Նոր Զելանդիան: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Գիտելիք. Առաջինները» մարաթոնի շրջանակում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ մոտ համարվում է, որ ամենաարևելյան երկիրը Ճապոնիան է: Իսկ Ճապոնիայից արևելք գտնվում է Նոր Զելանդիան: Նոր Զելանդիայից արևելք էլ գտնվում է Չուկոտկան: Հետևաբար, հենց Ռուսաստանն է հանդիսանում ծագող արևի երկիրը», — ասել է պետության ղեկավարը:
Հիշեցնենք , որ Ճապոնիան իրեն անվանում է «Ծագող արևի երկիր»: Երկրի ինքնանվանումը՝ Նիհոն (կամ Նիպպոն), գրվում է 日本 հիերոգլիֆներով, որտեղ առաջինը նշանակում է «արև», իսկ երկրորդը՝ «արմատ», «հիմք» կամ «աղբյուր»:
Ճապոնիայի պաշտոնական պետական դրոշը կոչվում է Հինոմարու («արևային շրջան»), որի վրա կարմիր շրջանը խորհրդանշում է լուսատուն: Գոյություն ունի նաև «Ծագող արևի դրոշը» (Կյոկուձիցու-կի), որտեղ արևից ճառագայթներ են արձակվում: Այն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այսօր էլ, որոշակի փոփոխություններով, կիրառվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից:
Այս արտահայտությունը ճապոնացիների համար ունի նաև կրոնական նշանակություն. համարվում է, որ պետությունը գտնվում է Ամատերասու արևի աստվածուհու հովանու ներքո: