Ընտրակաշառքի բաժանման փորձերը շարունակական են լինելու, քանի որ այս մարդիկ, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ, այլ տարբերակ չունեն։ Նրանք չունեն ժողովրդի աջակցությունը, ժողովրդի կողմից չընդունված մարդիկ են։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի կողմից ստեղծված «Ուժեղ Հայաստան»-ը որքան էլ փորձի ընտրությունների վրա ազդել ընտրակաշառքի միջոցով, միևնույն է, չի կարողանալու, քանի որ «մեր ժողովուրդը շատ գիտակից ժողովուրդ է, և մենք հունիսի 7-ին ևս մեկ անգամ կֆիքսենք ժողովրդի հաղթանակը»։ Մեր զրուցակիցը մի կարևոր դիտարկում արեց՝ շեշտելով՝ այսօր ընտրապայքարի մեջ մտած ուժերը երբ իշխանության էին, վերարտադրվում էին բացառապես կեղծիքի ու ընտրակաշառքի ինստիտուտի կիրառմամբ։ «Հիմա այդ նույն արժեքային համակարգի կրողները՝ ընտրակաշառքով վերարտադրվածները, քանի որ իշխանության գալու այլ ձև չեն իմացել, փորձում են իրենց իմացած այդ ձևը կիրառել նույն պետությունում, որը, սակայն, այլ խաղի կանոններ է ընդունել՝ քրեականացրել է ընտրակաշառքը»։
Արտյոմ Մեհրաբյանը դիմեց նաև ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներին՝
խնդրելով. «Չգնալ որևէ գործարքի էն մարդկանց հետ, ովքեր փորձում են իրենց գումարներով
բերել Հայաստան՝ քվեարկությանը մասնակցելու համար։ Մենք զգոն ենք, ունենք բավարար տեղեկատվություն,
մարդիկ ինձ զանգում են որպես պատգամավոր, տալիս են որոշակի մարդկանց անուններ, թե ովքեր
են զբաղվում այդ գործողություններով՝ մարդկանց հավաքագրելով, ցուցակներ կազմելով։ Մեր
ունեցած տեղեկությունները կփոխանցենք իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն դրանցով.
«Եռագլուխ թալանի» ուժը՝ բաղկացած նախկին թալանչիներից՝ Քոչարյան, Սարգսյան, Ծառուկյան,
Կարապետյան, ուզում է նորից վերարտադրվել, որպեսզի նորից երկիրը «փրկի»։ Մինչդեռ ժողովուրդը
փրկվել է, փրկվել է իրենցից՝ 2018-ին, իսկ հունիսի 7-ին կհաստատենք մեր փրկված ժողովրդի
հաղթանակը»։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի խոստմանը՝ գալիս
եմ հարստացնելու ժողովրդին, Մեհրաբյանը նկատեց՝ թող նման հեքիաթներ չպատմի, հարստացնող
էր, թող վաղուց հարստացներ, դիցուք՝ անվճար դարձներ «Դալմա Մոլ»-ի տաղավարները։
Արտյոմ Մեհրաբյանի հետ խոսել
ենք նաև Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան հնարավոր կոալիցիայի, հետընտրական զարգացումների,
խաղաղության գործընթացի արժեզրկման, 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի մասին
կեղծիքը տարածելու մոտիվի և այլ հարակից հարցերի մասին։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։