Հաջորդ շաբաթվանից եվրոպական մեքենաները ԱՄՆ-ում կթանկանան. Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում եվրոպական մեքենաների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հաջորդ շաբաթվանից Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար և բեռնատար ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25% բարձրացնելու մասին: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:


Իր հրապարակման մեջ Թրամփը մեղադրել է Եվրամիությանը Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:


«Ուրախ եմ հայտարարել, որ հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ ԵՄ-ից Միացյալ Նահանգներ ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների սակագները, քանի որ Եվրոպական միությունը լիովին չի պահպանում համաձայնեցված առևտրային պայմանագիրը: Սակագները կբարձրացվեն մինչև 25%», — գրել է նա:


Ամերիկյան առաջնորդը հավելել է մի քանի կարևոր կետեր.


ԱՄՆ տարածքում արտադրված ավտոմեքենաները մաքսատուրքերով չեն հարկվի: Երկրում ընթանում է նոր ավտոգործարանների շինարարություն, որոնցում ներդրվել է ավելի քան $100 միլիարդ: Նախագահն այս ներդրումներն անվանել է ռեկորդային ավտոմեքենաների և բեռնատարների արտադրության պատմության մեջ: Նոր գործարանները համալրված կլինեն ամերիկացի բանվորներով և շուտով կբացվեն:


Թրամփն ընդգծել է, որ Ամերիկայում նախկինում երբևէ նման մասշտաբի իրադարձություն տեղի չի ունեցել: