Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերություններն առավել մոտ են, քան երբևէ. ահա այսպիսի գնահատականի է արժանացրել Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բնութագրելով երկկողմ հարաբերություններն ու ընդգծելով, որ այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հստակ հարգանքի վրա։
Դեսպանի բնորոշմամբ՝ Բրյուսելը ոչ միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև իրականացնում է շոշափելի ներդրումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով ապահովել իրական արդյունքներ ՀՀ քաղաքացիների համար։
«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ դեսպանը մանրամասն անդրադարձ է կատարել մի շարք առանցքային թեմաների՝ մասնավորապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աննախադեպ զարգացմանը, Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստանի համար մայիսի 4-ին և 5-ին Երևանում համապատասխանաբար անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի կարևորությանը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և մի շարք այլ հարցերի:
Վասիլիս Մարագոսը նաև շեշտում է, որ Հայաստանն այսօր փաստացի հայտնվել է եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում, և Երևանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովներն էլ հենց վկայությունն են այն հանգրվանի, որին հասել են Երևանն ու Բրյուսելը: Դեսպանը մատնանշում է՝ երկկողմ համագործակցությունն արդեն դուրս է եկել իր սկզբնական շրջանակներից և շարունակում է ընդարձակվել՝ ընդգրկելով նոր ոլորտներ։
- Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների և գործընկերության վերջին աննախադեպ խորացումն ու զարգացումը, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Եվրոպական միություն երկխոսության ներկայիս մակարդակը։
- Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և գործընկերների ընտրության հարցում Հայաստանի ինքնիշխան իրավունքի նկատմամբ հստակ հարգանքի վրա։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ օգնելով ամրապնդել անվտանգությունը, բարեկեցությունը և կայունությունը, որը Հայաստանի ժողովրդի համար կապահովի իրական արդյունքներ:
Գործնականում դրանք ընդլայնվում և շարունակաբար խորանում են: 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ «Դիմակայունության և աճի» ծրագրի միջոցով մենք կատարում ենք ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսության և բիզնեսի ոլորտներում՝ աջակցելով հայկական ընկերություններին աճել, նորարար դառնալ և մուտք գործել նոր շուկաներ։ Ակնկալվում է, որ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի և ուղղված կլինեն ճանապարհային և երկաթուղային կապուղիների, էլեկտրաէներգետիկ համակարգերի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ընդլայնելով Հայաստանի առևտրային ուղիները, բազմազանեցնելով գործընկերների շրջանակը և նվազեցնելով կախվածությունը մեկ մատակարարից։ Դրանք կլինեն ոչ թե վերացական քաղաքական ժեստեր, այլ գործնական նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կենսապայմանները և տնտեսական հնարավորությունները:
Դեկտեմբերի 2-ին, ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, որը սահմանում է մի շարք հավակնոտ առաջնահերթություններ, որոնք առաջիկա տարիներին կուղղորդեն մեր համագործակցությանը։ Կարևոր է ընդգծել, որ գործնականում մենք արդեն իսկ իրականացնում ենք այդ օրակարգը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող մեր աշխատանքով, որի նպատակն է՝ սահմանված հենանիշների ամբողջական կատարման պարագայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առանց վիզայի կարճատև (մինչև 90 օր) ուղևորություններ իրականացնել դեպի Եվրոպական միություն և Շենգենյան գոտի, անվտանգության ոլորտում մեր համագործակցությամբ, ինչպես նաև ներդրումներին և տնտեսական զարգացմանը ցուցաբերվող աջակցությամբ։ Այս համատեքստում, օրինակ, Սյունիքի մարզում «Եվրոպայի թիմ՝ դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում ենք տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի և զբոսաշրջության խթանմանն ուղղված նախաձեռնություններ:
Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ավելի քան 200 հոգանոց անձնակազմի միջոցով ապահովում ենք շարունակական և տեսանելի ներկայություն հակամարտությունից տուժած սահմանամերձ համայնքներում։ Առաքելության ներկայությունը նպաստում է կայունության ամրապնդմանը՝ այդ տարածքների բնակիչների շրջանում ձևավորելով անվտանգության կարևոր վստահություն։ Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ առաքելության գործունեությանն առնչվող յուրաքանչյուր հաղորդված միջադեպ ենթարկվում է պատշաճ ստուգման և փաստաթղթավորման, ապա ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին։ Առաքելությունը գործում է լիակատար թափանցիկությամբ՝ խստորեն համապատասխանելով իր քաղաքացիական մանդատին:
Վերջերս ԵՄ խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն՝ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելություն տեղակայելու մասին որոշումը: Առաքելությունը կաջակցի Հայաստանին պայքարել սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ: Մասնավորապես, Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը ռազմավարական և գործառնական խորհրդատվության, ինչպես նաև տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների կարողությունների զարգացման միջոցով՝ կտրամադրի աջակցություն հասարակության և պետական մարմինների առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու քաղաքականության մշակման հարցում: ԵՄ գործընկերային առաքելությունը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի հիման վրա և գործելու է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից լիովին անկախ՝ առանձին մանդատի շրջանակում:
ԵՄ–ՀՀ հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական և տնտեսական ոլորտներով․ դրանց հիմքում մարդակենտրոն մոտեցումն է։ Հայաստանը հարուստ և ինքնատիպ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որն ունի զարգացող ստեղծագործական արդյունաբերություններ և մասնագիտացված զբոսաշրջության զգալի ներուժ, որի զարգացմանը մենք ևս աջակցում ենք:
Մայիսի 5-ին կայանալիք ԵՄ–ՀՀ գագաթնաժողովը ևս մեկ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից մեկ օր անց՝ Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը, Հայաստանը բերում է եվրոպական քաղաքական քննարկումների կիզակետ՝ արտացոլելով, թե որտեղ են հասել մեր հարաբերությունները։ Վերջին հաշվով, կայուն և բարեկեցիկ Հայաստանը լավ է Հայաստանի քաղաքացիների համար, լավ է տարածաշրջանի համար և լավ է Եվրոպայի համար:
- 2023 թվականից ի վեր Դուք ղեկավարում եք Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և քաջատեղյակ եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու գործընթացներին: Որո՞նք են Ձեր՝ որպես Հայաստանում ԵՄ դեսպանի հիմնական առաջնահերթությունները։
- Իմ հիմնական առաջնահերթությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների համակողմանի ամրապնդումն է։ Կարող եմ գոհունակությամբ արձանագրել մեր առաջընթացի մասին։ Միաժամանակ ցանկանում եմ հստակ ընդգծել, որ այս գործընկերությունը ձևավորվել է համատեղ ջանքերով։ Յուրաքանչյուր քայլ արտացոլում է Հայաստանի ինքնուրույն ընտրությունը, և երբ Հայաստանը դիմել է աջակցության համար, Եվրոպական միությունը եղել է նրա կողքին:
Հատուկ ուշադրություն է հատկացվել վիզաների ազատականացման գործընթացին, որը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, նրանց՝ ճանապարհորդելու, կրթության, աշխատանքի և Եվրոպայի հետ կապեր հաստատելու հնարավորությունների տեսանկյունից: Հատկապես ուրախ եմ նշել, որ այս երկխոսությունը մեկնարկել է երկկողմանի նշանակալի քաղաքական մեծ կապիտալի շնորհիվ: Կցանկանայի նաև ընդգծել, որ ԵՄ անդամ պետությունները սկզբից ի վեր ցուցաբերել են բարձր հանձնառություն՝ ամբողջ գործընթացում լինելով Եվրոպական հանձնաժողովի ուղեկիցը: 2024 թվականին երկխոսության մեկնարկից ի վեր արձանագրվել է շոշափելի և կայուն առաջընթաց: Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված հենանիշների ամբողջական կատարման և բարեփոխումների թափի պահպանման դեպքում առանց վիզայի կարճատև ուղևորությունները առաջիկա տարիներին կդառնան իրատեսական հեռանկար։ Վերջին հաշվով դա լինելու է Եվրոպական միության կառույցների և ԵՄ անդամ պետությունների համատեղ որոշման արդյունքում է և չի հանդիսանալու որևէ կոնկրետ կառավարության կամ ընտրական գործընթացների արդյունքներով պայմանավորված քաղաքական պարգև։ Առանց վիզայի կարճատև ճանապարհորդությունները զգալիորեն կհեշտացնեն Հայաստանի քաղաքացիների այցելությունները Շենգենյան գոտում գտնվող ընտանիքի անդամներին, մասնակցությունը միջազգային համաժողովներին և կարճաժամկետ կրթական ծրագրերին, ինչպես նաև զբոսաշրջության և գործարար հնարավորությունների ուսումնասիրությունը:
Մայիսի 5-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում կհրապարակվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, և ինչպես մարտին Երևան կատարած այցի ժամանակ նշել էր ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, բարեփոխումների թափը պահպանելու պարագայում առանց վիզայի ճանապարհորդելն առաջիկա տարիներին իրատեսական հեռանկար է: Դրան զուգահեռ, մենք աշխատել ենք թափ հաղորդելու տրանսպորտի, էներգետիկայի, տեղական ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի ուղղությամբ ներդրումների իրականացմանը Հայաստանի կառավարության և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ ստեղծված հարթակի միջոցով:
Բացի այդ, ես ակտիվորեն ներգրավվել եմ խաղաղության և կարգավորման օրակարգի աջակցությանը: Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) և ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը, ով անմիջականորեն համագործակցում է հայ և տարածաշրջանային գործընկերների հետ խաղաղության գործընթացի և կապակցվածության հարցերով, նույնպես կենտրոնական դեր են խաղացել ԵՄ ջանքերում: Առաջ նայելով՝ միջտարածաշրջանային կապակցվածությունը կդառնա ավելի ու ավելի որոշիչ առաջնահերթություն։ Հայերի համար դա կնշանակի նոր առևտրային միջանցքներ, ավելի հուսալի՝ ավելի ցածր արժեքով էներգիա, և թվային ենթակառուցվածքներ, որոնք դուռ կբացեն բիզնեսի և երիտասարդների համար։ Այս համատեքստում կապակցվածության օրակարգի ներուժը, ինչպես նաև միջտարածաշրջանային կապակցվածության ոլորտում մեր կողմից իրականացվող նոր ներդրումները՝ ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և արժեքային շղթաների ինտեգրման առումով միայն օգուտ կբերեն Հայաստանին, հայկական բիզնեսին և քաղաքացիներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ։
Միաժամանակ, ցանկանում ընդգծել մասնավոր հատվածին ցուցաբերվող մեր աջակցությունը՝ վերջին երկու տարիների ընթացքում հատկապես նշանակալի է: ԵՄ-ի կողմից մասնավոր հատվածում իրականացված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն, իսկ միայն 2024 թվականին դրանք նպաստել են Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների որորտում, ավելի քան 27,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ, ԵՄ աջակցություն ստացած կազմակերպությունները գրանցել են արտահանումների 7.2% աճ։
Ցանկանում եմ նաև ընդգծել ԵՄ անդամ պետությունների դերը. մենք ունենք ուժեղ «Եվրոպական Թիմ»՝ Երևանում ավելի ու ավելի շատ դեսպանատներ են բացվում, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում ականատես ենք եղել ԵՄ պետությունների երեք նոր դեսպանատների բացմանը, ինչը վկայում հարաբերությունների ամրության մասին:
Մեր բոլոր ջանքերի ընթացքում ես և իմ թիմը առավելագույն ուշադրություն ենք դարձրել այն բանին, որ մեր աշխատանքը հասանելի դարձնենք մարդկանց, ում համար այն նախատեսված է: Ահա թե ինչու, ԵՄ անդամ պետությունների հետ միասին, մենք նաև մեկնարկել ենք մշակութային երկխոսություն, որը միավորում է հայ և եվրոպացի մշակութային գործիչներին, խթանում է Հայաստանի ուշագրավ ժառանգությունը և խթանում արվեստի ոլորտում փոխանակումները: Հայաստանն ունի առանձնահատուկ ազգային մշակույթ, որը կազմում է մեր ընդհանուր եվրոպական ժառանգության բաղկացուցիչ մասն է, և մեզ համար կարևոր է դա կոնկրետ կերպով արտացոլել:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում