«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում ձեռք բերված առաջընթացը». Կանադայի վարչապետ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային խաղաղության գործընթացին։


«Ես ողջունում եմ առաջընթացը, որ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, և բարձր եմ գնահատում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը տեսակապի ձևաչափով»,- ասել է նա։


Կանադայի վարչապետը ընդգծել է Կանադայի և Եվրոպայի միջև կապերը, ինչպես նաև կապը Հայաստանի հետ։


«Կարծում եմ՝ լիովին տեղին է, որ Կանադան առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միանում է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և վստահության ընդհանրություն»,- ասել է նա։


Եվ այս կապերը արտահայտվում են նաև Կանադայի հայ համայնքի միջոցով, ընդգծել է Մարկ Քարնին՝ հավելելով նաև Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային առաքելությունների շրջանակներում։


«Մենք ունենք միակ ոչ եվրոպական մասնակցի դերը Հայաստանում եվրոպական առաքելության մեջ»,- ասել է նա։


Քարնին նշել է, որ աշխարհը ներկայում լրջագույն փոփոխությունների է ենթարկվում մի քանի ոլորտներում՝ տեխնոլոգիա, էներգետիկա, առևտուր և աշխարհաքաղաքականություն։


«Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք այն տեսնել»,- նշել է նա։