Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Երկուշաբթի օրը Սպիտակ տան հարակից տարածքում իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարել են մեկ անձի, հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել Ջեյ Դի Վենսի ավտոշարասյան անցնելուց անմիջապես հետո, հաղորդում է The Guardian-ը։

 

Ըստ Գաղտնի ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինի՝ քաղաքացիական հագուստով սպաները նախ նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող անձի, որը, ենթադրաբար, զինված է եղել։ Նրանց կողմից օգնություն է կանչվել, որից հետո դեպքի վայր են ժամանել համազգեստով գործակալներ։

 

Քուինի խոսքով՝ վերջիններիս տեսնելուն պես տղամարդը փորձել է փախչել, ապա հանել է ատրճանակը և կրակ բացել։ Իրավապահները պատասխան կրակ են բացել՝ վնասազերծելով նրան։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է մեկ անցորդ՝ անչափահաս, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

 

Գաղտնի ծառայությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել տարածքից, քանի որ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Հրաձգության պահին Դոնալդ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը՝ մասնակցելով փոքր բիզնեսին նվիրված միջոցառման։

 

Միջադեպից հետո Սպիտակ տունը կարճ ժամանակով փակվել է։ Տարածքում գտնվող լրագրողները տեղափոխվել են ճեպազրույցների դահլիճ, մինչդեռ Թրամփը շարունակել է իր միջոցառումը առանց ընդհատման։