Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից. The Telegraph

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն իր աշխատակիցներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին հասանելիություն ունեցող սարքերից: Նա նաև հրամայել է նրանց տներում տեղադրել տեսահսկման խցիկներ:


Անվտանգության նման աննախադեպ միջոցառումները Կրեմլում ներդրվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ Պուտինի մոտ աճում է մտավախությունը ՌԴ-ում հնարավոր պետական հեղաշրջման կամ իր դեմ իրականացվելիք մահափորձի վերաբերյալ: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:


Ինչպես վկայում են եվրոպական հետաքննական զեկույցի տվյալները. Կրեմլի բոլոր այցելուները ստիպված են անցնել առնվազն երկու ստուգում:


Այն անձինք, ովքեր աշխատում են Պուտինի անմիջական մերձակայքում, չպետք է օգտագործեն բջջային հեռախոսներ կամ որևէ այլ գաջեթ, որն ունի համացանցի հասանելիություն:


Նրանք պարտավոր են օգտվել բացառապես Ռուսաստանի Դաշնային պահպանության ծառայության (ФСО) կողմից կազմակերպված տրանսպորտից:


Խոհարարների, թիկնապահների և լուսանկարիչների տներում տեղադրվել են տեսահսկման համակարգեր:


Այս զեկույցի հրապարակումը համընկել է «ՌԴ մայրաքաղաքին հասցված խոշորագույն հարվածներից մեկի» հետ, երբ անօդաչու թռչող սարքերն ընկել են Կրեմլի և ՌԴ Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում: Այս դեպքը վկայում է այն մասին, որ ԱԹՍ-ներին հաջողվել է ճեղքել Ռուսաստանի ամենաժամանակակից պաշտպանական համակարգերից մեկը:


Աճող մտավախությունների ֆոնին Ռուսաստանի ղեկավարն ավելի շատ ժամանակ է անցկացնում իր բունկերներում, որտեղ կենտրոնացել է ռազմական իրադարձությունների վրա:


Նա և իր ընտանիքի անդամներն այլևս չեն այցելում Մոսկվայի մարզի և Վալդայի իրենց սիրելի նստավայրերը: Փոխարենը նրանք հիմնականում գտնվում են Կրասնոդարի երկրամասի ստորգետնյա թաքստոցներում:


Պուտինը գրեթե ամեն օր խորհրդակցություններ է անցկացնում զինվորականների հետ՝ քննարկելով Ուկրաինայի փոքր բնակավայրերի համար մղվող մարտերը:


Քաղաքացիական պաշտոնյաների հետ նա շփվում է ընդամենը մի քանի շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: