Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել

Հաշվի առնելով լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման կապակցությամբ քրեական վարույթ չի նախաձեռնվել:


Միաժամանակ պարզաբանվում է, որ համայնքի ղեկավարի գործառույթները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով:


Անկախ կուսակցական պատկանելությունից, քաղաքական հայացքներից կամ որևէ այլ հանգամանքներից՝ պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում համայնքի ղեկավար հանդիսացող անձն ունի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքից և այլ իրավական ակտերից բխող լիազորություններ, որոնք չեն դադարում՝ Ազգային ժողովի ընտրություններում ընտրական ցուցակում՝ որպես թեկնածու ներգրավված լինելու հանգամանքով պայմանավորված:


Քննարկվող դեպքում Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը: Այդ կերպ Տավրոս Սափեյանը սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացրել է ոչ թե որպես կուսակցության անդամ կամ պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար:


Ավելին՝ որոշումները կայացնելու հիմքում դրվել են ոչ թե անձնական դրդապատճառները կամ կուսակցական շահերը, այլ օրենքով սահմանված ընթացակարգերը, այն է՝ քաղաքացիներից ստացված սոցիալական աջակցության վերաբերյալ դիմումները, սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի և կամավոր խնդիրների լուծման նախաձեռնությունն ուսումնասիրող հանձնաժողովի դրական եզրակացությունները, որոնք իրենց հերթին բխել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Թալին համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ հաստատված կարգի պահանջներից:


Բացի այդ, հաղորդման և կից նյութերի մեջ, այդ թվում՝ ԶԼՄ հրապարակումներում առկա չէ որևէ տվյալ այն մասին, որ սոցիալական աջակցությունը զուգորդվել է քարոզչությամբ կամ պայմանավորված է եղել ընտրողների կամքի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու հանգամանքով կամ կատարվել է հանրությունից գաղտնի, քողարկված եղանակներով: