Դատարանը վարույթ է ընդունել «սնկի գործով» Նիկոլ Փաշինյանի քաղհայցը. Հայցվորը հերքում ու փոխհատուցում է պահանջում

Երևանի քաղաքացիական դատարանը մայիսի 14-ին վարույթ է ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Քաղհայցը դատարանն ստացել է մայիսի 11-ին։ Հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել  07052026 թվականին իր՝ Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 7-ին լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ընթացքում ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և, իմ ինֆորմացիայով, մոտավորապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը  կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում բարձրանում է ամբիոն, օգտագործում է այդ սնկերից։  Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։ Հերքումը, ըստ հայցի,  պետք է իրականացվի յութուբյան ալիքում, նվազագույնը երկու հարյուր հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։ Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։


Հայցվորը խնդրում է նաև պատասխանողից իրեն բռնագանձել 6000000 (վեց միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։


Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Կարապետյանի հայտարարությանն ու մասնավորապես նշել. «Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք, էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»։


Գործով դատավորն է Երեմ Եսոյանը։