Աշխարհը առաջիկա մի քանի ժամում կարող է լավ լուրեր ստանալ․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի շուրջ բանակցություններում արձանագրվել է «նշանակալի առաջընթաց», և աշխարհը «առաջիկա մի քանի ժամում կարող է լավ լուրեր ստանալ»։

 

Հնդկաստան կատարած դիվանագիտական այցի ընթացքում Նյու Դելիում լրագրողների հետ զրույցում Ռուբիոն նշել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն և տարածաշրջանային գործընկերները առաջընթաց են գրանցել Հորմուզի նեղուցի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներում։

 

«Ես իսկապես կարծում եմ, որ, հնարավոր է, առաջիկա մի քանի ժամում աշխարհը լավ լուրեր ստանա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

 

Նրա խոսքով՝ ձեռք բերված առաջընթացը դեռ վերջնական չէ, սակայն բանակցություններն ընթանում են դրական ուղղությամբ։

 

Ռուբիոն կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ըստ որի՝ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք, իսկ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա միջազգային նավագնացության համար՝ առանց Թեհրանի կողմից սահմանափակումների կամ վճարների։

 

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկվող հնարավոր համաձայնությունը կարող է վերաբերել Հորմուզի նեղուցի վերաբացմանը, հրադադարի երկարաձգմանը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր պայմանավորվածություններին։