95 տարեկանում մահացել է ջազի լեգենդը, «սաքսոֆոնի հսկան»

95 տարեկան հասակում մահացել է ջազի լեգենդ, «սաքսոֆոնի հսկա» մականունով հայտնի Սոննի Ռոլինսը։ Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա ներկայացուցիչը՝  նշելով, որ նա ամերիկյան երաժշտության ամենապատվավոր և ազդեցիկ դեմքերից մեկն էր։ Ռոլինսը մահացել է երկուշաբթի օրը՝ Նյու Յորք նահանգի Վուդստոք քաղաքում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը չի հրապարակվել։

 

Ռոլինսի կարիերան սկսվել էր դեռևս 1940-ականների վերջին և տևել ավելի քան վեց տասնամյակ։ Նա համագործակցել է ջազի ամենամեծ անունների հետ, այդ թվում՝ Miles Davis, Charlie Parker և John Coltrane։ Իր երաժշտական ուղու ընթացքում Ռոլինսը թողարկել է ավելի քան 60 ալբոմ և արժանացել երկու «Գրեմմի» մրցանակի։ 2014 թվականին շնչառական հիվանդության պատճառով նա ավարտել էր բեմական գործունեությունը։

 

Նրա մահվան մասին հայտարարության հետ հրապարակվել է նաև 2009 թվականին ասված մի խոսք, որն այսօր նոր իմաստ է ստացել. «Կարծում եմ՝ երբ ստեղծագործող մարդն ավարտվում է, նա շարունակում է ապրել հաջորդ գոյության մեջ։ Ես հավատում եմ, որ այս կյանքը ամեն ինչի վերջը չէ»։

 

Երկար և անկանխատեսելի սոլոներով հայտնի Ռոլինսը համարվում էր ջազային իմպրովիզացիայի մեծագույն վարպետներից մեկը։ Նա խոստովանել էր, որ բեմ է բարձրանում առանց հստակ ծրագրի։