Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վարույթներով հանրային հաշվետվողականությունը հաշվի առնելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված՝ կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:
22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:
7 վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու նպատակով հանձնվել է հսկող դատախազին:
Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ և զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրությունում: