Երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար
Մարկո Ռուբիոն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ
ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն
այսօր քարոզարշավի ժամանակ այդ առնչությամբ ասել է, որ Հայաստանում խաղաղության երաշխիք
է նաև ԹՐԻՓՓ նախագիծը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։
Հարցին, թե արդյոք այս ամենից
հետո ընդդիմությունը, որը երաշխավորների փնտրտուքների մեջ է, կշարունակի՞ շահարկումները,
թե՞ խելամտություն կունենա լռելու, պատգամավորն ասաց. «Ընդհանրապես
ընդդիմությունից խելամտություն ակնկալելը փոքր-ինչ տարօրինակ կլիներ, և պատասխանը միանշանակորեն
բացասական է, բայց այստեղ պատճառը ոչ թե այն է, որ նրանք չեն գիտակցում էս պարզ ճշմարտությունը,
այլ այն, որ նրանք ամբողջությամբ այլ օրակարգ են սպասարկում, և ընդհանրապես նրանց՝
քաղաքականության մեջ գտնվելու պատճառները բոլորովին այլ են։ Ակնկալել, որ նրանք այս
կամ այն իրադարձության արդյունքում կփոխեն իրենց մոտեցումները և դիրքորոշումները, կլինի
անմտություն»։
Խոսելով նաև Հակակոռուպցիոն կոմիտեի
կողմից հրապարակված ձայնագրություններից մեկի մասին, որտեղ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները
խոսում են ՌԴ-ից Հայաստան քաղաքացիներ տեղափոխելու ու ընտրություններին իրենց ուզած
ուժին քվեարկելուն նրանց հարկադրելու, ինչպես նաև ձայնագրության մեջ հնչող այն նախադասության
մասին, որ «եթե անգամ Նիկոլը անցնի էլ, պերեվառոտ ա լինելու», պատգամավորն ասաց՝ հնարավոր
չէ, որ հետընտրական ցնցումներ լինեն, որովհետև այդ մտքերը և ինֆորմացիան տարածվում
են միայն այն նպատակով, որպեսզի իրենց կողմնակիցների որոշ շրջանակ
շարունակի աջակցել իրենց, շարունակի ներգրավված լինել ընտրակեղծարարության գործընթացի
մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան