Չկա Ռոբերտ Քոչարյան՝ չկա պրոբլեմ, կա ինքնիշխան, խաղաղ Հայաստան

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը երեկ Երևանի «սրտում»՝ Ազատության հրապարակում, հանրահավաք էին հրավիրել՝ ազդարարելու իրենց նախընտրական քարոզչության ֆինալը։  Եթե «Քոչարյան» և «Ազատության հրապարակ» բառերը միևնույն համատեքստում հոլովելիս ունկնդրի մոտ կատակերգական ասոցիացիաներ ի հայտ գային, գուցե եզրակացնեինք՝ «ֆինիտա լա կոմե՞դիա»։ Բայց քանի որ Քոչարյանն ու  Ազատության հրապարակը տրագեդիայի վերհուշ են արթնացնում՝ նույնացվելով մասնավորապես 2008 թվականին նախագահի կեղծված ընտրությունների, հետընտրական  զարգացումների, արյան, սպանդի ու ողբերգության հետ, ուստի երեկ այդ հրապարակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան «ֆինիտա լա տրագիկոմեդիա»։ Այո, ոչ այլ ինչ, քան քաղաքական տրագիկոմեդիա է Քոչարյանի լինելիությունը քաղաքական դաշտում՝ երկիրը 10 տարի կառավարելուց հետո, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում իշխանությունը վերցնելու պլանը ձախողելուց ու խորհրդարանում 5 տարի «օպոզիցիա» աշխատելուց հետո։ Ոչ այլ ինչ, քան տրագիկոմեդիա է նրա մասնակցությունը նախընտրական պայքարին՝ չնայած անցած 5 տարիներին ունեցած  ծայրահեղ մաշվածությանն ու 4-տոկոսանոց վարկանիշ ունենալուն։  Տրագեդիա է, երբ (ըստ IRI սոցհարցման) 4-տոկոսանոց վարկանիշ ունեցողը 44-տոկոսանոց աջակցություն վայելող գործչի ամբիցիաներ ունի՝ համոզված է, որ կարողանալու է ուզուրպացնել վարչապետի աթոռը, տրագեդիա է, երբ ապօրինի գույքի գործով պատասխանողը, որի ընտանիքի կարողությունը գնահատվել է  200 մլն դոլար, երբ 10 մարդու կյանք խլած՝ «Մարտի 1»-ի վերաբացված գործով մեղադրյալը խոսում է իրենից մի քանի անգամ ավելի բարձր հանրային վստահություն ունեցողի, 2021-ին 680 հազար քաղաքացիների քվեով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի  «չլինելու» մասին։  «Պրոբլեմը ոչ թե մեր պետության ու մեր ժողովրդի մեջ է, պրոբլեմը մեկ մարդու մեջ է։ Չկա Նիկոլը պաշտոնում՝ չկան պրոբլեմներ Հայաստանում»,- իր կաղացող հայերենով, լեզվական սայթաքումներով  փորձում էր իրեն լսելու եկածների ինտելեկտը բռնության ենթարկել 1998 թվականից ՀՀ քաղաքական դաշտի գլխավոր պրոբլեմը։  Կամ, ինչպես օրերս դիպուկ բնութագրել էր քաղաքական դաշտի մեկ այլ պրոբլեմի՝ Սերժ Սարգսյանի թիմակից Արմեն Աշոտյանը՝ «ապոլիտիկ անձը», «քաղաքական դաշտը ապականողը», «քաղաքական կյանքը կազմաքանդողը», «հակահամակարգային քաղաքականության կնքահայրը», «չարի կրողը», «անցյալի ուրվականը, որը կոմունիզմի ուրվականի պես չունի ապագա», և վերջապես՝ «միստր սեկոնդ պրեզիդենտը»։ Աշոտյանին «ռեսպեկտ» ասելով արձագանքենք ու անցնենք  «պրոբլեմի» բարբառած «չկա Նիկոլը՝ չկա․․․»  թվարկումներին։ «Չկա Նիկոլը՝ չկա «չ»գնաժամ, չկա աղքատություն, չկա Նիկոլը՝ չկա պատերազմ, չկա Նիկոլը՝ չկա ազգային նվաստացում, չկա Նիկոլը՝ չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձը։ Բոլոր այս խնդի«ռ»ները լուծվելիք խնդիռներ են, ես գիտեմ ոնց ա դա կարելի անել, և մենք դա անելու ենք։ Մենք ունենք հարուստ փորձ՝ էֆեկտիվ կառավարման և զարգացման համար։ ․․․Միասին կարող ենք»։   


Ստիպված ենք մի երկու տարով հետ գնալ՝ 2024 թվական, նոյեմբեր. երբ դատարանում դատախազները ներկայացրին «Մարտի 1»-ի գործով Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը, նախկին նախագահն այն «իրավաբանության խոշտանգում» որակեց։ Սա այն դեպքն է, երբ պետք է դիմենք  քաղաքագիտական անոլոգիայի հնարքին ու Քոչարյանին հակադարձենք  քոչարյանավարի՝ արձանագրելով՝ վերոհիշյալ թվարկումները  ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ ամոթի, խղճի, բարոյականության, ադեկվատության խոշտանգում։  Եվ ուրեմն, չկա Քոչարյան՝ չկան նրա քաղաքական սատելիտները՝ ՀՅԴ-ն ու մյուսները, կա քաղաքական դաշտի ճգնաժամի հանգուցալուծման հույս և հնարավորություն։  Չկա Քոչարյան, բայց կա նրանից ու նրա ընտանիքից ապօրինի հարստացման ճանապարհով կուտակված գույքի բռնագանձում՝ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերին ուղղվելիք հեռանկարով։


Հաջորդիվ, չկա Քոչարյան՝ չկա նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ռևիզիա, վերաբանակցում, հետևապես չկա նաև պատերազմ, այսինքն՝ կա խաղաղություն։  Չկա Քոչարյան, այո, չկա  Հայաստանի Հանրապետության պետականության, սուվերենիտետի, անկախության, եթե կուզեք՝ ազգային և համազգային նվաստացում այն պատճառաբանությամբ, որը նկարագրված է «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի աղմկահարույց 004 շրջաբերականում։ Չկա Քոչարյան՝ չկա 300 հազար ադրբեջանցիների վերադարձի և մի շարք այլ լկտի ստերի միջոցով ժողովրդին ահաբեկող, քարոզչական դիվերսիա իրականացնող սուբյեկտ։  


Այո, բոլոր խնդիրները՝ բայց «ր»-ով,  լուծվելիք խնդիրներ են, և ՀՀ ընտրողը գիտի, թե ինչպես դրանք լուծի։ Եվ հիմնվելով իր  հարուստ, էֆեկտիվ փորձի ու փորձառության վրա՝ ի վիճակի է տարբերել այն ուժին, որը ժողովրդից նորից քվե է հայցում՝ շարունակելու իր ծառայությունը նույն այդ ժողովրդին, ծառայեցնելու քաղաքականությունը ժողովրդի խնդիրների լուծմանը և ընտրապայքարի մեջ մտած այն շառլատանին, որը  քաղաքական ռինգ է դուրս եկել, ավելին՝ երեկ ընդհուպ պիկապի վրայից ելույթ էր ունենում հանուն մեկ գերխնդրի՝ փրկել սեփական հարստությունը ժողովրդի սեփականությունը դառնալուց, նաև կաշին՝ ժողովրդի իշխանության իրականացրած արդարադատության առաջ կանգնելուց։


Հա, ի դեպ, երբ Քոչարյանն ու նրա դաշինքի անդամները աղաղակում են իրենց կոնսենսուսային կարգախոսը՝ «միասին կարող ենք», այն Քոչարյանի կառավարման տարիների փորձն ունեցող, փորձանքների ու փորձությունների միջով անցած   ընտրողն ընկալում է այսպես՝ «կոնսենսուս մինուս մեկ», և այդ մեկ մարդը Ռոբերտ Քոչարյանն է։  Պատերազմի եռագլուխ ուժերից մեկի, ժողովրդի ընկալմամբ, նենգ, հիշաչար  ու․․․ արյունարբու գլուխը։     


Հեղինե Մանուկյան