Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:


Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը:


Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:


Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:


«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:


Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: