ԵԱՏՄ-ում մնալով ԵՄ-ին ձգտելը «Բ»-ից «Գ» կետ հասնելու փորձ է․ Զախարովա

Նորմալ չէ, երբ բարի մտադրությունները, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են անազնիվ նպատակներով: Այս մասին «Sputnik» ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։


«Պատկերացրեք՝ օդանավակայան, սպասասրահ, տրանսֆեր, չվերթի կցում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են զննման բոլոր տեսակները, սահմանը, հսկողությունը և այդպես շարունակ։ Յուրաքանչյուրը, բառացիորեն նրանցից յուրաքանչյուրը բարեխիղճ է, ունի որոշակի նպատակներ ու խնդիրներ։ Եվ ահա, երբ հայտարարվում է վայրէջքը, հանկարծ ուղևորներից մեկը, որը կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է՝ գիտեք, իսկ ինձ պետք չէ ԲՏԲ կետ, ինձ պետք է... դե, հավանաբար, նույնիսկ ավելի մոտ է Գ կետին», - ասել է Զախարովան։


Խոսելով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման մասին՝ Զախարովան նշել է, որ դա նույնիսկ արդեն երկու աթոռին նստելու փորձ չէ։

«Աննորմալ է, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որևէ ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Եթե ցանկանում ես «Գ» կետ հասնել «Բ» կետով, դա նույնպես հնարավոր է։ Դա կոչվում է տարանցում։ Բայց դրա համար գոյություն ունի որոշակի լոգիստիկա։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, հրաժեշտ տալիս բոլորին և գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն է։ Եթե ցանկանում ես փոխել քո ընտրությունը, խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։