ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել

Հունիսի 4-ից ռուս պաշտոնյաները կտրուկ փոխել են իրենց հայտարարությունների տոնը Հայաստանի վերաբերյալ։ Նախորդ օրերի ագրեսիվ հռետորաբանությունը զիջել է չափավոր և զուսպ հայտարարություններին։


Ընդամենը մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինը սպառնում էր ուկրաինական սցենարով, երեկ նա արդեն խոսում էր Հայաստանի ինքնիշխան իրավունքների մասին և հայտարարում, որ եվրոպական չափանիշներին համապատասխանելը վատ բան չէ։ Օրեր առաջ Օվերչուկը սպառնում էր գազի գների բարձրացմամբ և այլ պատժամիջոցներով, այսօր նա արդեն ասում է, որ Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Գալուզինն առհասարակ իր հռետորաբանությունը մեղմացրել է այն աստիճան, որ երաշխավորել է, որ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կամ «պատիժներ» չեն լինի, բայց ԵԹԵ Հայաստանը տեղայնացնի ԵՄ չափանիշները, ապա անհրաժեշտ կլինի հստակեցնել որոշակի ընթացակարգեր ԵԱՏՄ-ի շրջանակներում։


Ի՞նչ է փոխվել վերջին երկու օրերի ընթացքում, որը ստիպել է Մոսկվային «շտկել» իր հռետորաբանությունը: Վերջին օրերի ուշագրավ իրադարձությունները մեկ ամփոփմամբ ներկայացրել է «Բաղրամյան-26» տելեգրամյան ալիքը:


Այսպես. տեղի են ունեցել հետևյալ կարևոր իրադարձությունները.


  • Հունիսի 2-ին բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որին մասնակցեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ինչպես նախկինում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սա ապահովում է Հայաստանի և եվրոպական երկրների միջև երկաթուղային կապը։
  • Հունիսի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ քննարկել է էներգետիկայի, լոգիստիկայի և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերը: Ռուսաստանի կողմից գազի գների բարձրացման սպառնալիքների, ինչպես նաև այն հայտարարությունների ֆոնին, որ Հայաստանը չի կարող ստանալ ռուսականից բացի այլ գազ․ սա շատ հստակ ուղերձ էր: Իրան-Հայաստան գազատարն ունի զգալի չօգտագործված ներուժ:
  • Հունիսի 3-ին Կարսում տեղի ունեցավ հայ և թուրք գործարարների հանդիպում: Հանդիպմանը մասնակցում էին սննդի, խմիչքի, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության և ծաղկաբուծության ոլորտների ներկայացուցիչներ:
  • Հունիսի 4-ին ԱՄՆ Զարգացման ֆինանսավորման կորպորացիան (DFC) հաստատել է TRIPP զարգացման ծրագրի ֆինանսավորումը՝ ըստ որոշ տեղեկությունների հատկացնելով մինչև 500 միլիոն դոլար:
  • Հունիսի 4-ին ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանին կտրամադրի 50 միլիոն դոլարի աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշմանը դիմակայելու համար, ինչպես նաև կհեշտացնի հայկական ապրանքների ներմուծումը ԵՄ:
  • Հունիսի 4-ին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ հայկական ապրանքները, մասնավորապես ծաղիկները կարտահանվեն Լատվիա և Նիդերլանդներ: Առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է Լատվիա։

Ընդամենը 2-3 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը զգալի առաջընթաց է գրանցել արտաքին տնտեսական, հաղորդակցության և էներգետիկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչը չէր կարող աննկատ մնալ Մոսկվայում։


Ավելացրեք դրան ընտրությունների արդեն կանխատեսելի արդյունքը, որը սպասվում է 2 օրից, և Մոսկվան այլ ելք չունի, քան նահանջել իր ապակառուցողական օրակարգից և հռետորաբանությունից: Սա հենց այն է, ինչին ականատես ենք եղել վերջին երկու օրերի ընթացքում։


«Ո՞ւմ է Հայաստանը պետք» սկզբունքը կրկին ձախողվել է: