Իսրայելում ՌԴ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ. «Տպավորություն է, որ Մոսկվան լեգիտիմացնում է Իսրայելի դեմ ահաբեկչությունը»
Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին կանչել են երկրի ԱԳՆ՝ հայտնելու համար իրենց բողոքը Մոսկվա ՀԱՄԱՍ-ի պատվիրակության այցի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Եվրասիայի հարցերով ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոն Հալպերինը դեսպանին պարզաբանել է, որ Իսրայելը ամենայն լրջությամբ է դիտարկում Մոսկվայի կողմից ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միանշանակ և հստակ դատապարտման բացակայությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի գործողությունները»,- հավելել են Իսրայելի ԱԳՆ-ում:

Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ Մոսկվան, որոշելով ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում հոկտեմբերի 7-ի իրադարձությունների համար, «ստեղծում է իսրայելցիների դեմ ահաբեկչությունը լեգիտիմացնելու տպավորություն»։