Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի գրեթե 40 քաղաքացիների արտաքսելու ընթացակարգ սկսել, որոնք կասկածվում են արմատական իսլամին հակվածության մեջ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը: Նրա խոսքերը մեջբերում է RMC-ն։
«Մենք կազմել ենք Ռուսաստանի 39 քաղաքացիներից կազմված ցուցակ, որոնց հատկապես ուշադիր հետևում ենք արմատականացման կասկածների պատճառով»,- պարզաբանել է նա։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Փարիզն այժմ սպասում է Մոսկվայի համաձայնությանը արտաքսված ռուսներին ընդունելու համար։
Հայտնի է, որ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է նույնականացնել այն քաղաքացիներին, որոնց պատրաստվում են արտաքսել Ֆրանսիայից։
Առայժմ անհայտ են Ֆրանսիայից Ռուսաստանի քաղաքացիների արտաքսման ժամկետները։ «Ուկրաինայում հակամարտության սկսվելուց առաջ մենք արտաքսել ենք Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիների»,- ընդգծել է Դարմանենը։