«Մենք դեռ նրանց համարում ենք ՆԱՏՕ-ի օգտակար անդամ». Պետդեպի արձագանքը Թուրքիան դաշինքից բացառելու ամերիկյան օրենսդիրների կոչերին
ԱՄՆ-ը Թուրքիային համարում է ՆԱՏՕ-ի արդյունավետ անդամ: Այսպես է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը արձագանքել ամերիկյան օրենսդիրների կոչերին, այն է՝ Թուրքիան դաշինքից բացառել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատելու համար։

«Սա, իհարկե, առաջին անգամ չէ, երբ մենք չենք համաձայնում Թուրքիայի ղեկավարության հետ։ Սակայն մենք դեռ նրանց համարում ենք ՆԱՏՕ-ի արդյունավետ և օգտակար անդամ։ Եվ մենք կշարունակենք աշխատել նրանց հետ այն հարցերի շուրջ, որոնց շուրջ համաձայն ենք։ Եվ նաև հստակ կհասկացնենք նրանց, երբ մեր միջև տարաձայնություններ լինեն»,- հայտարարել է Միլլերը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ դաշինքը ամրապնդելու նպատակով: 

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաքում, Իսրայելն անվանել է «պաղեստինյան տարածքների օկուպանտ»: Նա խոստացել է հրեական պետությունը հռչակել «ռազմական հանցագործ» Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների պատճառով։ Էրդողանի հայտարարություններից հետո Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր դիվանագետներին։