Ադրբեջանը այն երկրների թվում է, որտեղ կան քաղբանտարկյալներ։ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը կոչ է արել ազատ արձակել նրանց։ Հոկտեմբերի 30-ին՝ Քաղբանտարկյալների օրվա կապակցությամբ, Քոքսը հայտարարել է. «1974թ.-ի այս օրը ԽՍՀՄ-ում քաղբանտարկյալները հայտարարել են համընդհանուր հացադուլ՝ ի նշան բողոքի իրենց կալանավորման դեմ։
2023 թվականին այս օրը դեռ մնում է շատ նշանակալի։ Իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, քաղաքական ընդդիմախոսներ, լրագրողներ, իրենց կրոնը դավանողներ և շատ ուրիշներ, ովքեր հավատարիմ են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, բանտարկված և կալանավորված են Եվրոպայում: Սա ուղղակի անընդունելի է»։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն դատապարտում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները։ «Միայն այս տարի ես բազմիցս դատապարտել եմ Վացլավ Հավելի Մարդու իրավունքների մրցանակի դափնեկիրների բանտարկությունը. Օսման Քավալա (Թուրքիա), Վլադիմիր Կարա-Մուրզա (ՌԴ), Մարիա Կոլեսնիկովա և Ալես Բյալյացկի (Բելառուս): Քաղբանտարկյալների գործերով մեր գլխավոր զեկուցողները և իրավապաշտպանները կոչ են արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնուն և մյուսներին», - հավելել է ԵԽԽՎ ղեկավարը։