Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Պաղեստինի քրիստոնյաներն Իսրայելի հետ հակամարտության զոհ են դարձել նույնքան, որքան իսլամ դավանող նրանց եղբայրներն ու քույրերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա պաղեստինա-իսրայելական պատերազմ չէ: Սա ընդհանրապես պատերազմ չէ, այլ Գազայի հատվածում անօգնական մարդկանց բացահայտ կոտորած, որոնք վերջին վեց տասնամյակների ընթացքում պահվում են խոշորագույն բանտում՝ աշխարհում բաց երկնքի տակ։ Սա Պաղեստինի ժողովրդին ոչնչացնելու միտումնավոր, հաշվարկված և սառնասիրտ փորձ է»,- ասել է նա՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանում։
Իբրահիմը հավելել է, որ նրանք, ովքեր շարունակում են մտածել, որ պաղեստինցիների դեմ իրականացված «վայրագությունները» վերաբերում են իբր միայն մուսուլմաններին, պետք է հիշեցնել, որ աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքը ապրում է Պաղեստինում և, 2017 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով, կազմում է 47 հազար մարդ։
«Պաղեստինի քրիստոնյաները նույնպես մեծ թվով արտաքսվել են իրենց պատմական քաղաքներից, և դրա հիմնական պատճառը իսրայելական անօրինական օկուպացիոն և ապարտեիդի քաղաքականությունն է: Այս նողկալի պատմության և դաժանության, հալածանքների և ցեղասպանության մասին շարունակվող սագայում Պաղեստինի ինչպես մուսուլմանական, այնպես էլ քրիստոնեական համայնքները հանդիսանում են անօգնական զոհեր»,- կարծում է Մալայզիայի վարչապետը։