Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Աստանա, հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Մայրաքաղաքի օդանավակայանում նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
«Կարճ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղազախստանի և Ֆրանսիայի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարեն առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման շուրջ, ինչպես նաև կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Այցի ընթացքում կքննարկվի նաև ֆրանսիական Electricite de France S.A.-ի (EDF) մասնակցության հեռանկարը Ղազախստանում ատոմակայանի կառուցման գործում, ասել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը։ Նրա խոսքով՝ կողմերը կպայմանավորվեն նաև հանրապետությունում ուրանի հանքավայրերի հետագա մշակման շուրջ։