Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա կարծիք է հայտնել, որ մինչև ընտրական պրոցեսների ավարտը Հայաստանի վարչապետը զբաղված կլինի երկրի ներքին հարցերով։ «Իսկ հետո, կախված հետընտրական իրավիճակի վերջնականացումից, արդեն երկկողմ մակարդակով որոշում կընդունենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման հնարավոր պլանների մասին հարցին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս պահը չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հունիսի 9-ին հայտարարել էր, որ ՌԴ-ում սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը։