«Կքննարկենք Հայաստանի առնչությամբ ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածը գործարկելու հարցը». Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով կքննարկի կազմակերպության Կանոնադրության հոդվածը գործարկելու հարցը, որը կարգավորում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։


Նա հիշեցրել է, որ Հայաստանի ներկայացուցիչները շուրջ երկու տարի է՝ չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։


«Հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելովիչ Միրզոյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին հայտարարել է. «Մենք անդամավճարներ չենք վճարում, քանի որ ուղղակի չենք մասնակցում»։ <...> Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք սա։ ՀԱՊԿ-ի բյուջեին Հայաստանի պարտքը կուտակվում է ավելի քան երկու տարի։ Իրավիճակ է, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կանոնադրությամբ։ Եվ այսօր մենք պայմանավորվեցինք քննարկել ՀԱՊԿ Կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկման հարցը»,- նշել է Լավրովը։


Ռուս նախարարը նշել է, որ Հայաստանը, որը ֆորմալ առումով մնում է ՀԱՊԿ անդամ, ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի երկրների հետ, մասնակցում  տարբեր զորավարժությունների, ինչպես նաև գնում ռազմական նշանակության արտադրանք։