Ամերիկացիների դեմ հարձակումների սպառնալիքը, հատկապես հրեաների, հասել է «պատմական մակարդակի», ասել է ՀԴԲ ղեկավար Քրիստոֆեր Ռեյը Սենատի ներքին անվտանգության հարցերով կոմիտեի նիստում։
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության զինյալների հարձակումը և 1400 իսրայելցիների սպանությունը կարող են ահաբեկչական հարձակումների խթանման տեղիք տալ, ինչպես դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, երբ ԴԱԻՇ-ի կողմից հռչակվեց, այսպես կոչված, խալիֆայություն, նախազգուշացրել է Քրիստոֆեր Ռեյը:
Նրա խոսքով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները դեռ տեղեկություն չունեն օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների կողմից կոնկրետ սպառնալիքի մասին, սակայն ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդա»-ն և «Հըզբոլլահ»-ը կոչ են արել հարձակումներ իրականացնել ամերիկացիների դեմ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների տարածքում։
«Ալ Քաիդա»-ի սպառնալիքներն ու կոչերը «ավելի առանձնահատուկ էին», զգուշացրել է Քրիստոֆեր Ռեյը: Ներկա պահին ամենամեծ վտանգը կարող են ներկայացնել տեղական ծայրահեղականները։ Հոկտեմբերի 19-ին Հյուսթոնում ձերբակալվել է 20-ամյա պաղեստինցի փախստական, որին մեղադրում են պոտենցիալ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
«Սա տագնապալի ժամանակաշրջան է: Բայց խուճապի ժամանակ չէ, սա առիթ է զգոն լինելու»,- ընդգծել է ՀԴԲ տնօրենը։