«Ուժեղ Հայաստանը» այսօր ասուլիս էր հրավիրել։ Ցուցակի երրորդ համարը՝ Գոհար Մելոյանն էր ասուլիս տալիս։ Խոսում էր ընտրակեղծիքներից՝ աննախադեպ ծավալի, և մեզ բոլորիս հիշեցնում, որ ընտրախախտումները տեղի են ունենում ոչ միայն ընտրական տեղամասերում, ընտրության օրը, այլև դրանից դուրս ու ընտրություններին նախորդած շրջանում։ «Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ծավալի ու բնույթի խախտումներ են տեղի ունեցել»,- ասում է Գոհար Մելոյանը։
Իհարկե գաղտնիք չէ, տիկին Մելոյան,
իհարկե բոլորս էլ հետևել ենք Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն ամսից ավելի տևած՝ օրական
մեկ, վերջին օրերին արդեն մեկից ավելի հրապարակվող գաղտնալսումներին ու գիտենք, թե
ինչ ծավալի ու բնույթի ընտրակեղծարարություն էր տեղի ունենում։ Գիտենք նույնիսկ մոտավոր,
թե ձայնի հաշվով քանի հազար դրամ ընտրակաշառք էր բաժանվում ու որ ուժերի կողմից։ Գիտենք
նաև, թե Ռուսաստանից մարդկանց նյութապես շահագրգռելու կամ այլ եղանակներով բերելով՝
ինչպես էր փորձ արվում ազդել ընտրությունների ելքի վրա։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝
Գոհար Մելոյանը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի նախընտրական կեղծ նարատիվից ցատկ
կատարեց Տիգրանաշենը հանձնելու նարատիվին։ Հիմա էլ 8 պատգամավոր են «պոկելու» ՔՊ-ից,
որոնք արդեն «հայրենասերի» կոչում են ստացել, այսինքն՝ «չպոկվողներն» էլ, հավանաբար,
«անհայրենիք դավաճան» կլինեն, և ահա այդպես կբերեն «պոպոխություն»։
Բայց այս ասուլիսի ամենազավեշտալի
մասը վերջում էր․ պարզվում է՝ «Ուժեղ Հայաստանում» ընտրակաշառքի բաժանման մասին
տվյալներ, ահազանգեր են ստացել: «Տեղամասեր կան, որ դրանց շուրջբոլորը գումար է բաժանվել»,-
ասում է Գոհար Մելոյանն ու նշում, որ ուղղակի ապացույցներ չունեն, դրա համար շատ չեն
բարձրաձայնել։
Դրանից առաջ Գոհար Մելոյանն ասում
էր, թե օրեր շարունակ, գիշեր-ցերեկ, միայն երկու ժամ քնելով ուսումնասիրում են արձանագրությունները,
ընտրախախտումների մասին ահազանգերը և այլն։ Կարելի է ենթադրել, որ «Ուժեղները» ուսումնասիրել-ուսումնասիրել,
քննել-քննել ու իրենց իսկ հետքի վրա են դուրս եկել։
Հիմա անընդհատ խոսվում է հետընտրական
զարգացումների, փողոցային պայքարի մասին։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը չունի այդ ռեսուրսը՝
փողոց գեներացնելու, պահելու համար։ Եվ խոսքը, իհարկե, ֆինանսական ռեսուրսի մասին չէ։
Չկա մարդկային, էմոցիոնալ ռեսուրս։ Փողոցային պայքար սկսելու և պահելու, էլ չենք ասում՝
հաջողության հասնելու համար բավարար չէ միայն սեփական համակիրների աջակցությունն ու
մասնակցությունը կամ մեծ ֆինանսական ռեսուրսներ։ Դրա համար առաջնային նշանակություն
ունի հասարակության վստահությունը, համոզմունքը, որ ընտրությունները կեղծվել են, ու
իրենց ձայնը տեղ չի հասել։ Եթե չկա այդպիսի համոզմունք կամ գոնե կասկած, ապա անհնար
է փողոց գեներացնել, պահել, ուր մնաց՝ հաջողության հասնել։ Դեմն էլ ամառ է, հանգստի
մեկնելու սեզոն, մեր հարուստ ընդդիմադիրները իրենց ակցիաները կանեն ծովափերից՝ արևայրուք
ընդունելով և կոկտեյլ ըմբոշխնելով՝ եթե մեթոդիչկա իջեցնողները թույլ տան։
Վոլոդյա Հակոբյան