«Ռոբերտ Քոչարյանի դաշինքը դիմել է ՍԴ: Մենք տեսել ենք՝ նախորդ 5 տարիներին
իրենք ինչպես են ուղղակի հանրությանը ցույց տալու համար ինչ-որ բան անում. թող դիմեն
ՍԴ, ինչպես նախկինում դիմել էին։ Եվ ընդհանրապես, մենք իրենց գործունեությունը տեսել
ենք, իրենց գործը՝ հանրությանը ցույց տալ, աղմուկ ստեղծել և այլն։ Հիմա նորից գալիս
են ԱԺ, տեսնենք՝ ինչ են փորձելու այս անգամ անել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Խոսելով վերահաշվարկի դիմած ուժերի
մասին՝ պատգամավորն ասաց, որ ընտրությունները չորս օր է՝ ավարտվել են, և միայն վերջին երկու օրերին ընդդիմությունը նոր արթնացել
է քնից և փորձում է աղմուկ ստեղծել՝ ընտրությունները կեղծելու հետ կապված։
«Դա աբսուրդ է, որովհետև նախ՝
ընտրակաշառք բաժանող ընդդիմությունը փորձում է խոսել ընտրակեղծիքներից, երբ իրենց մոտ
200 ընտրակեղծարարներ այսօր հարցաքննվում են հակակոռուպցիոն մարմնում, և որևէ մեկը
չի հերքել, որ ինքը ներգրավված է եղել ընտրակաշառք բաժանելու մեջ։ Սա կարևոր է, և բոլորը
պետք է տեսնեն և իմանան, որ իրենք, ամենամեծ կեղծարարը լինելով, եկել են, ընտրություններին
մասնակցել են, մանդատ պետք է ստանան և այսօր փորձում են վերահաշվարկ պահանջել։ Մենք
միայն ուրախ ենք այդ վերահաշվարկի համար, որովհետև
այդ վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներն են ավելանում: Մենք ինքներս գուցե չդիմեինք,
բայց արդյունքում ստացվում է, որ մենք ունենք ավելի ձայն, քան նախնական հաշվարկի ժամանակ
ունեինք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան