«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի
փափկասուն տիկնանցից մեկը՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանուհի, փաստաբան Գոհար
Մելոյանը, նախօրեին հրավիրված հետընտրական ասուլիսում ջանում էր հոդաբաշխ փաստարկ-բացատրություններ բերել՝ իրենց
ուժի խայտառակությունը հիմնավորելու համար։ Այո, խայտառակություն է, երբ ընտրություններից
առաջ պնդում ես, որ 100 տոկոս ես գնահատում իշխանության գալու քո շանսերը, աղաղակում ես բացարձակ հաղթանակի մասին,
բայց ՀՀ ընտրողը քեզ արժանացնում է «թարս կապուտի»՝ վերջնարդյունքում ստանում ես 23,51 տոկոս ձայն (վերջին տվյալով)։ Տիկին Մելոյանի
փաստաբանական փորձառությունը, սակայն, նրան այդ հարցում՝ հոդաբաշխ փաստարկ-բացատրություններ
բերելու, չօգնեց, քանի որ նրա վկայաբերածներն առնվազն եփած-փուռը տված սագի ծիծաղն
են հարուցում։ «Եթե էս ծավալի խախտումներ ու միջամտություններ տեղի չունենային,
իմ քաղաքական ուժի առաջնորդը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ»,- իրեն ունկնդրողներին
փորձում էր ապուշի տեղ դնել տիկին Մելոյանը՝ հավելելով. «Բազմաթիվ ծավալուն խախտումներ են եղել, ու մեր առաջնորդը
պատահական չէր պնդում, որ հաղթելու ենք։ Մենք ունեինք համոզմունք, որ մենք հաղթանակող
ուժ ենք։ Ամեն նախադրյալ կար, լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կային։ Եթե քաղաքացու
նկատմամբ նման միջամտություններ չլինեին, ես համոզմունք ունեմ, որ լրիվ այլ պատկեր
էր լինելու»,- բացատրել է պատգամավորի թեկնածուն։ Չբավարարվելով այսքանն ասելով՝ նա
նաև պնդել է՝ եղել են տարբեր տեսակի խախտումներ՝ սկսած իրենց թիմակիցների ու աջակիցների
ձերբակալություններից, կալանավորումներից, մինչև, ուշադրություն, վախի մթնոլորտի ձևավորում
և ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձեր։ Տիկին փաստաբանի խոսքով՝ նման իրավիճակում
կայացած ընտրությունների իրական արդյունքը չի արտացոլում քաղաքացիների կամքը։
Այ, այ, այ․․․ կասեր հայտնի ֆիլմի հերոսը՝ արտահայտելով իր խորին հիասթափությունը։ Մենք էլ սագ ասացինք,
հիշեցինք սագ գողացած ու բռնված աղվեսի մասին մի չքնաղ առակ։ Ուրեմն, նենգ աղվեսը, օրը ցերեկով գյուղացու ախոռից գողանալով սագերից
մեկին, փորձում էր աննկատ ծլկել անտառ ու վայելել գողոնը։ Սակայն գյուղացու տունը
հսկող աչալուրջ, զիլ հոտառություն ունեցող շները անմիջապես զգում են գողի հոտն ու
դուրս գալիս նրա հետքի վրա՝ քշելով անպատկառին ու ի ցույց դնելով նրա ամոթալի արարքը: Հեռու
վազելով ու շնչակտուր լինելով՝ աղվեսը ցասումից սկսում է մեղադրել շներին. «Այս ի՞նչ անխղճություն է ձեր
կողմից, սագի եղածն ի՞նչ էր, որ ինձ չբաշխեցիք՝ չթողեցիք գողանամ, չէ՞ որ ախոռում
բազում ուրիշ սագեր, բադեր ու հավեր կան։ Եթե ձեր անիծյալ հոտառությունն ու
աչալուրջ հսկողությունը չլինեին, ես հանգիստ կվայելեի իմ որսը: Ձեր նման չկամների պատճառով
է, որ աշխարհում գաղտնիք ու հաշտություն չի մնում»:
Շներից ավագը, մոտենալով
ցանկապատին, պատասխանում է լպիրշ գիշատչին․
- Ո՛վ աղվես, դու մեղադրում ես մեզ ոչ թե նրա համար, որ մենք սխալ բան ենք արել,
այլ որովհետև մենք ազնիվ ենք մեր պարտքի մեջ և պաշտպանում ենք մեզ վստահված տունը: Անխիղճն ու մեղավորը դու
ես, որ ուրիշի ունեցվածքն ես գողանում ու դեռ այսքանից հետո էլ բարոյախոսում։
Մինչ տիկին
Մելոյանը կեզրակացնի, թե ինչ կցուցանե առակը, ու դրա ցուցանածը (ընկալելու դեպքում)
կցուցանի նաև իր կուսակիցներին ու հատկապես կուսղեկ, ինքնահռչակ վարչապետ Սամվել Կարապետյանին,
անդրադառնանք տիկնոջ վերոհիշյալ պնդումներին։
Թե՝ «եթե էս ծավալի խախտումներ
ու միջամտություններ տեղի չունենային․․․»։ Սա, ընդունեք, լպիրշության ու երեսպաշտության բացառիկ նմուշ է, երբ ընտրակաշառք բաժանելու դեպքերով
հարուցված բազմաթիվ վարույթների «հերոս» քաղաքական ուժի ներկայացուցիչը խոսում է խախտումների
մասին։ Մասնագիտությամբ իրավաբան, ԵՊՀ-ում,
Բեռլինի Հերթիի կառավարման ակադեմիայում ուսանած տիկին Մելոյանը երևի ակնկալում
էր, որ իրավապահները, բացահայտելով «Ուժեղ
Հայաստան»-ի օգտին ընտրակաշառք բաժանելու դեպքերը և այլ՝ նախընտրական պրոցեսին առնչվող
քրեորեն հետապնդելի արարք թույլ տվածներին, պետք է սաբոտաժի դիմեին՝ ցուցաբերելով հանցավոր
անգործություն։ Ասենք, ենթադրյալ ընտրակաշառատուի՝ նենգ «աղվեսի» ձեռքին ձեռնաշղթա
հագցնելու փոխարեն համբուրեին այդ ձեռքը։ Եվ ոչ միայն ձեռքը, ասենք՝ ճակատը նույնպես,
դեռ մի բան էլ խրախուսելով հնարավորինս շատ «սագեր գողանալ», քանի որ աղա Սամվելը մտադիր
է ՀՀ վարչապետ կարգվել։ Մելոյանը, փաստորեն,
առաջնորդվում է առակի հերոս աղվեսի ունիկալ
լոգիկայով՝ մեղադրում է իրավապահներին աչալուրջ
լինելու, իրենց պարտականությունները կատարելու և այսպիսով իշխանությունը «զախվատ անելու»
«Ուժեղ Հայաստան»-ի պլանները խափանելու մեջ։ Ի դեպ, տարրական բարոյականություն ունենալու
դեպքում (թեև բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ) Գոհար Մելոյանը պետք է ներողություն
խնդրեր ՀՀ քաղաքացիներից՝ նրանց քրեորեն հետապնդելի
արարքի՝ ընտրակաշառք տալ-վերցնելու դրդելու համար։ (Հարգելով, անշուշտ, բոլորի անմեղության
կանխավարկածը): Այս համատեքստում, այո, ճիշտ է Մելոյանի դիտարկումը՝ ընտրությունների իրական արդյունքը չի արտացոլում քաղաքացիների
կամքը, քանի որ նրանց որոշ մասը գուցե այլ՝
հենց թեկուզ ընդդիմադիր ուժի օգտին քվեարկեր, եթե չլիներ «իքս» քաղաքական ուժի կողմից
ընտրակաշառքի միջոցով շահագրգռելու հանգամանքը։ Ի դեպ, թարմ վիճակագրություն հատուկ
տիկին Մելոյանի ու մյուս «ուժեղների» համար․ 2026-ի փետրվարի 7-ից 115 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ, որոնցից 77-ը վերաբերել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին,
24-ը՝ ԲՀԿ-ին, 11-ը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ Հըն, ի՞նչ կասեք։
Ինչ վերաբերում
է պատգամավորի թեկնածուի այն դիտարկմանը, թե «մենք ունեինք համոզմունք, որ մենք հաղթանակող ուժ ենք,
լուրջ սոցիալական ուսումնասիրություններ կային», ապա սա, համաձայնեք, ծանծաղամտությա՛ն
բացառիկ նմուշ է։ Քաղաքականության դարերի պատմությունը հուշում է, որ բոլոր քաղաքական
ուժերը, որոնք մտնում են պայքարի մեջ, հաղթելու, հաղթանակելու համոզվածությամբ են մտնում, ոչ թե պարտվելու ու
ձախողվելու։ Այլ հարց է, թե իր հաղթելու հարցում համոզված քաղաքական ուժի համոզվածությունը
որքանով է հիմնավորված, ինչ արտաքին և ներքին գործոններ, փաստեր ու իրողություններ
հաշվի առնելով։ Ոնց գցում-բռնում ենք՝ «ուժեղներին» հաղթանակելու համոզվածություն ներշնչել
են ոչ թե սոցիոլոգիական հարցումների արդյունքները
(քանի որ դրանք վկայում էին «Ուժեղ Հայաստան»-ի ոչ թե հաղթող ուժ լինելու, այլ
ընդդիմադիր բևեռի՝ համեմատաբար շատ ձայներ ունեցող ուժը լինելու մասին), այլ․․․ Կրեմլը՝ ի դեմս «գասպաձին» Կիրիենկոյի ու նրա
կոնտորայի։ Երևի Սամվել Կարապետյանին պարոն Կիրիենկոյի սուրհանդակները օրումեջ խրախուսական
SMS-ներ են ուղարկել, որոնցում գործարարին դիմել են «պրեմիեռ մինիստռ» ծածկանունով։
Նա էլ վերցրել ու ոգևորվել է՝ իրեն հռչակելով ՀՀ ապագա վարչապետ։ Ի դեպ, «համոզվածություն»
ասացինք, հիշեցինք Չինաստանից բերված մի տոննա
սնկի մասին պատմությունը, որի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Սամվել
Կարապետյանին։ Հիշո՞ւմ եք՝ վերջինս իր ասուլիսի
սկզբում նախ համոզված պնդում էր, որ Փաշինյանը հալյուցինոգեն սունկ է օգտագործում,
իսկ երբ իմացավ, որ զրպարտության համար Փաշինյանը պատրաստվում է դատի տալ իրեն, որոշեց
«զադնի դնել» իր «համոզվածությունից»․ պարզվեց, որ․․․ սնկերի մասին պատմությունը զուրկ է փաստերից,
այլ ընդամենը իր՝ Կարապետյանի «տեղեկությունների»
հիման վրա հորինված պատում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «ուժեղների» լիդերի համոզվածության
մասին։
Արդ, դառնանք
Գոհար Մելոյանի մտքի թերևս ամենացնցող գոհարին՝ երկրում «վախի մթնոլորտ» ձևավորելուն։
Տիկինը գուցե հիշի՞, թե ով էր ՀՀ ընտրողներին ամենօրյա ռեժիմով ենթարկում տեղեկատվական
դիվերսիայի՝ աղաղակելով 300 հազար ադրբեջանցիների վերադարձի, ՀՀ-ում վերաբնակվելու,
տներ, հողեր առնելու մասին, ահաբեկում ու վախ սերմանում Ռամիլ Սաֆարովի կերպարով՝ խոստանալով
իշխանության գալու դեպքում կառավարության առաջին նիստում «Սաֆարովի կանխարգելման» մասին
օրենք ընդունել։ Չգիտենք՝ Մելոյանն անկեղծ վախեցել է իրենց PR թիմի հորինած այս էժանագին
կեղծիքից, թե ոչ, բայցևայնպես առաջարկում ենք պրոֆիլակտիկայի համար այցելել «վախ բռնողի»
մոտ։ Իսկ նախքան այդ հարկ է, որ դադարեցնեն
գողության մեջ բռնված ու ձեռնունայն մնացած աղվեսի ոճով լացուկոծը՝ համակերպվելով ընտրողների
մեծամասնության կամքի և իրենց հավաքած տոկոսների հետ։ Հա, ի դեպ, լրագրողների հետ իր
առաջին ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանը
պնդում էր, թե Նիկոլ Փաշինյանը 25 տոկոս ռեյտինգ ունի։ Ստացվեց այնպես, որ իրենց
բացարձակ հաղթանակի մասին հոխորտացող «Ուժեղ Հայաստան»-ը ընտրություններում 25-ից էլ
պակաս տոկոս հավաքեց։ Ֆինիտա լա կոմեդիա։
Հ. Մ.