Հայաստանի ու Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդին Լյուքսեմբուրգում հանդիպման ընթացքում անդրադարձել են ինչպես երկկողմ օրակարգի հարցերին, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին: 


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: 


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայի աջակցությանը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը։


Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: